21/01/2022 16:18
Ազգային ազատագրական պայքարում միայն ուժեղներն են հաղթում. Կամո Աթայան
1988-ին, երբ սկսվեց հայ ժողովրդի ազգային զարթոնքի շրջանը՝ ի դեմս արցախյան շարժման, հասարակության մեջ այդ հարցի լուծման և դրա ժամկետների վերաբերյալ տարբեր կարծիքներ գոյություն ունեին. մի մասի կարծիքով կենտրոնը`Մոսկվան, շատ կարճ ժամանակում հարցին հայանպաստ լուծում կտար, երկրորդ իշխող կարծիքն այն էր, որ ամեն դեպքում սխալ է Մոսկվայից միանշանակ հայամետ լուծում սպասելը, իսկ երրորդ խմբի կարծիքով՝ Արցախի խնդիրը բավականին երկարատև պայքարի միջոցով կլուծվի...
Ես երրորդ կարծիքի կրողն էի, և անկեղծ ասած, ԽՍՀՄ-ի փլուզմանն այդքան արագ չէի սպասում, ու երբ դա տեղի ունեցավ, համարում էի, որ արցախյան խնդրի լուծումն էլ ավելի երկարատև ընթացք կունենա...
Ի դեպ, անպայման անհրաժեշտ է նշել, որ ԽՍՀՄ գոյության 70 տարիներին ամեն մի հարմար առիթի դեպքում Արցախի հարցը բարձրացվել է: Ներկա սերունդը հաճախ սխալ է ընկալում, կարծելով թե այդ հարցը միայ 88-ին է բարձրացվել…
Այն, ինչ այս 30 տարիների ընթացքում կատարվեց Ադրբեջանի կողմից, որպեսզի դիմակայեն Արցախի խնդրի լուծմանը` սկսած Թուրքիային խաղի մեջ մտցնելուց, այդ խնդիրը մուսուլմանական աշխարհի, կամ նրա մի հատվածի կարևոր խնդիր դարձնելուց, այսինքն՝ պայքարը կրոնական դաշտ տեղափոխելու փորձերը, իմ գիտակցության մեջ որպես նրանց հնարավոր քայլեր անընդհատ պտտվում էր...
Անընդհատ պտտվում էր նաև «Ադրբեջան» տարածքի ունեցած բոլոր խնդիրները, նրա ընդերքում ամբարված օգտակար և անսպառ պաշարների միջոցով լուծելու միտումը, որը մոտ 100 տարի հաջողությամբ աշխատում էր ի վնաս հայկական կողմի...
Ինչ ունեինք մենք այս բոլորին դիմակայելու և ազգային մեր նպատակներն իրականացնելու համար: Կարծում եմ՝ առաջին հերթին աշխարհասփյուռ հայ ժողովուրդն այս խնդրի լուծման համար ուներ հզոր կամք ու չտեսնված միասնություն, որի շնորհիվ էլ մենք 1994-ի հրադադարը կնքեցինք յուրատիպ հաղթանակով, որն առաջին անգամ բարոյական չէր միայն, այլ դրա շնորհիվ մոլորակի վրա ծնվել էր երկրորդ հայկական պետականությունը` մոտ 12,5 հազար քառ.կմ պատմական հայկական ազատագրված տարածքի վրա հիմնադրված Արցախի հանրապետությունը` աշխարհի հայերի հպարտության, արժանապատվության և պայքարի գլխավոր օջախը...
Մի կարևոր նկատառում՝ մենք թշնամի պետության հետ ունեինք դիրքերով մեզ համար շահավետ մոտ 300 կմ երկարությամբ սահման, որի դերը դժբախտաբար զգացինք այն հանձնելուց հետո…
Երկրորդ կարևոր պահը զույգ հայկական պետությունների տնտեսական առաջանցիկ զարգացման խնդիրն էր, քանզի հրադադարից հետո Ադրբեջանն ակտիվորեն իր անսպառ ընդերքը խողովակաշարերով արդեն իսկ հանել էր Եվրոպա և այլ տարածաշրջաններ, ասել է թե հանուն Արցախի պայքարը տեղափոխել էր տնտեսական մրցակցության դաշտ...
Երրորդ կարևորագույն պահը հոգևոր, գաղափարախոսական, կրթագիտական ու մշակութային զարգացման ապահովման մեջ էր, որտեղ մենք այդպես էլ ի տարբերություն հակառակորդի մեծ միջոցներ չկարողացանք ներդնել...
Անկասկած, այստեղ պետք է նշել նաև ազգի դեմոգրաֆիկ վիճակի մասին, որը միանշանակ մեր օգտին չէր, և անընդհատ անկում էր գրանցում բնական ցածր աճի և մեխանիկական մեծ արտահոսքի շնորհիվ:
Եթե տեղի ունենային այնպիսի ֆորս-մաժորային իրավիճակներ, երբ անհնարին կլիներ ՀՀ-ի իշխանությունների կողմից միջազգային այս կամ այն հերթական կամ անհերթ ճնշմանը դիմակայել, ապա տվյալ իշխանությունը պետք է անհապաղ հրաժարական տար, դրանով իսկ նպաստելով հաջորդ իշխանության ձևավորմանը և նրա` տվյալ հարցի մեջ խորանալու համար ժամանակ շահելուն:
Բայց իրական կյանքը բոլորովին այլ ընթացք ունեցավ: Մեր իշխանությունները սկսեցին մեծամտանալ, գայթակղվել, ավելի շատ մտածել սեփական բարեկեցության, հարստացման մասին, որի շնորհիվ էլ բարձիթողի վիճակ ստեղծվեց հասարակության հետ հարաբերություններում, երկրում արմատակալեց կաշառակերությունը, թայֆայականությունը բոլոր ոլորտներում իշխում էր, արդարադատությունը կաղում էր, մարդիկ ավելի անհանդուրժող էին, ժողովուրդը անջրպետվում էր իշխանություններից, և նման իրավիճակում պետության դիմադրողականությունը, նրա ազգային մեծ հարցեր լուծելու հնարավորությունները նվազում էին...
Արդյունքում՝ ունեցանք 2018թվականի գարունը, ամբոխային գործելակերպով ձևավորված անմակարդակ և անմրցունակ իշխանություններ, որոնք մոտ երեք տասնամյակի մեր բոլոր հաջողությունները շատ արագ մսխեցին, պատերազմ ստանալով համարյա ծվատեցին, պատառ պատառ արեցին Արցախը, և այսօր պատրաստ են դրա վերջին ծվեններն էլ հանձնել թուրքադրբեջանական գիշատիչ տանդեմին` փոխարենը մուրալով անհասկանալի «խաղաղություն»…