21/01/2022 18:16
Մոլդովայում գազի սակագինը կարող է թանկանալ 45 տոկոսով
«Մոլդովագազ» ընկերությունը հայտ է ներկայացրել կարգավորող մարմին՝ երկրի ներսում գազի սակագինը 45 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ։
Սպառողներին վաճառվող բնական գազի միջին սակագինն առաջարկվում է 1 000 խմ-ի համար 9 227 լեյից դարձնել 13 418 լեյ (511 դոլարից՝ 743 դոլար)։
Սակագնի թանկացման հիմնական պատճառը գազի ձեռքբերման գնի բարձրացումն է։ Այն 1 000 խմ-ի դիմաց 450-ից հասել է 646 դոլարի։
«Մոլդովագազը» մինչ այս մեծ դժվարությունների էր բախվել՝ «Գազպրոմի» պարտքը մարելու հարցում, «Գազպրոմն» զգուշացրել էր, որ պարտքը չմարելու դեպքում կդադարեցնի Մոլդովա գազի մատակարարումը։ Երկրի կառավարությունը 60 օրով արտակարգ դրություն էր սահմանել էներգետիկ ոլորտում։
Նախօրեին «Մոլդովագազ» ընկերությունը հայտարարել էր, որ մարել է «Գազպրոմի» ընթացիկ պարտքը՝ երկրի կառավարության տրամադրած աջակցության շնորհիվ։ Ընկերության նախագահ Վադիմ Չեբանը հայտնել էր նաև, որ «Մոլդովագազը» վնասով է աշխատում, ուստի ստիպված է վառելիքի սակագինը բարձրացնելու հայտ ներկայացնել կարգավորող մարմին։