21/01/2022 13:08
Արարատ Միրզոյանը կարևորել է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների լիարժեք վերսկսումը
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը:
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսիային ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ այն արդյունավետ կլինի, և կնպաստի Հարավային Կովկասում կայնության և անվտանգության հաստատմանը: Կարևորվել է նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության հետագա զարգացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին: Այս համատեքստում շեշտվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկման վերաբերյալ: Այս առումով, նախարար Միրզոյանը կարևորել է Սոչիի եռակողմ հայատարարությամբ ամրագրված և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ բրյուսելյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Ընդգծվել է նաև հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման, ինչպես նաև՝ Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման շուրջ բանակցությունների լիարժեք վերսկսումը: