22/01/2022 15:34
Եկեղեցի-պետություն համագործակցության նոր մակարդակ. Արցախի պետական բոլոր կառույցներին կցվել են հոգևորականներ
Տարեսկզբին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ սկիզբ է դրվել մի նոր ձեռնարկի, որով պետք է եկեղեցի-պետություն համագործակցությունը ստանա նոր մակարդակ։ Պետական բոլոր վարչական և ուժային կառույցներին կցվել են հոգևորականներ, ովքեր պարբերաբար պետք է այցելեն և հոգևոր խնամք տանեն հիշյալ կառույցների աշխատակիցների հանդեպ։
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ՀԱԵ Արցախի թեմից: Օրերս Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի հետ, որին ներկա է եղել նաև Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Կատարվել է կառավարական մասնաշենքի տնօրհնյաց կարգ։ Սրբազան Հայրը կառավարությանն է ներկայացրել նաև Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի նորանշանակ տնօրեն Գոռ սարկավագ Գյուրջյանին, նախանշվել են հետագա համագործակցության ուղիները։