24/01/2022 20:29
Գրեթե անհնարին եմ համարում, որ ընտրվելու պահին Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի եղած չլինի․ Վարչապետն արձագանքեց «Հետք»-ի հրապարակմանը (Տեսանյութ)
Ինձ տեղեկացրել են այդ հրապարակման մասին, չեմ հասցրել մանրամասն ծանոթանալ։ Եթե նույնիսկ ծանոթանամ էլ, կարծում եմ, մեկնաբանություն չունեմ, Hetq.am-ի՝ «Արմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվել» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ հարցին ի պատասխան առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ լրատվամիջոցն իր հրապարակման մեջ գրել էր, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի իրական պատճառն այն է, որ նա Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել ՝ առնվազն մինչև նախագահ դառնալը։
Վարչապետ Փաշինյանն այս կապակցությամբ ասաց, որ քիչ հավանական է համարում, որ ընտրվելու պահին Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի եղած չլինի։
«Ես դա, անկեղծ ասած, քիչ հավանական և գրեթե անհնար եմ համարում, որ ՀՀ քաղաքացի եղած չլինի։ Համենայն դեպս, իմ քննարկելու մանրամասները չեն դրանք, որովհետև, եթե այդտեղ (հոդվածում-խմբ) կա որևէ փաստ, որին Հայաստանի պետական որևէ մարմին պետք է արձագանքի, կարծում եմ, այդ մարմինները պետք է զբաղվեն դրանով», - ասաց Փաշինյանը։