24/01/2022 15:34
Հայաստանում ատելությունն ու թշնամանքն ավելի ու ավելի է խորանում. Արծվիկ Մինասյան
Ազգային ժողովը շարունակում է քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակներում է ձևավորվել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ու այդ ինստիտուտում աշխատած բոլոր անձինք մշտապես պրոբլեմ են ունեցել օրվա իշխանությունների հետ:
Սա, պատգամավոր խոսքով, խոսում է նրա մասին, որ գործ ունենք իստիտուտցիոնալ համակարգի հետ. կա ինստիտուտ ու, կամա թե ակամա, օրվա քաղաքական իշխանությունը հակադրվում է նրա հետ, իսկ որքան խորն է հակադրությունն, այնքան ավելի շատ ՄԻՊ-ը պետք է առաջ տանի համակարգային փոփոխությունները:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ փոխարենն արժևորվեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեությունը, վիրավորանքի աստիճանի գնահատականներ է հնչեցվում:
«Այսօր, ցավոք, ատելությունը, արհամարհանքը, թշնամանքն ավելի ու ավելի է խորանում ու այս իրավիճակից դուրս գալը բոլորիս պարտականությունն է ու, երբ մենք այս ճանապարհը չենք ընտրում, այլ փորձում ենք շարժվել այնպիսի մի իրավիճակով, որ «քանի որ իշխանության ներկայացուցիչ եմ, կարող եմ ինձ թույլ տալ ամեն ինչ ասել», նշանակում է ՝ մենք ոչ միայն դաս չենք կարողանում քաղել, այլ նաև պետականություն չենք կարողանալու կառուցել», - ընդգծեց Մինասյանը:
Անդրադառնալով քաղբանտարկյալների թեմային՝ «Հայաստան» խմբակցության քարտուղարն ասաց, թե քաղբանտարկյալ է համարվում, եթե քաղաքական դրդապատճառներից ելնելով կալանքի տևողությունը կամ դրա պայմաններն ակնհայտորեն համաչափ չեն այն հանցագործությանը, որի համար անձը մեղավոր է ճանաչվել կամ կասկածվում է, կամ՝ եթե քաղաքական դրդապատճառներով նա կալանավորվում է այլ անձանց համար խտրական կերպով:
«Հիմա հարց՝ սոցիալական աջակցություն բաժանել են բոլոր մարզպետները, բաժանել են համայնքի բազմաթիվ ղեկավարներ, բայց, չգիտես՝ ինչու, մեղադրանք է առաջադրվում Առուշ Առուշանյանի նկատմամբ, ավելին, մեղադրանքի ներքո կալանավորում են մի հոդվածով, որի պատժաչափը որևէ ողջամիտ տրամաբանությամբ չէր կարող ենթադրել այսքան ժամանակահատվածում անազատության մեջ պահելը: Սրանք կոնկրետ փաստեր են, խուսափել այս ամենից չենք կարող, Առուշ Առուշանյանն ու բազմաթիվ այլ անձինք, որոնք այս ընթացքում ենթարկվել են քաղաքական հալածանքների ու քաղաքական դրդապատճառներով մեկուսացվում են, քաղաքական հետապանդման վառ օրինակ են ու սա այլ կերպ, քան քաղբանտարկյալ բնութագրելը, չենք կարող», - հայտարարեց Մինասյանը:
Հիշեցնենք՝ ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: