24/01/2022 20:52
Հայաստանը պատրաստ է բանակցություններին. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի. ՀՀ վարչապետ (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ անդրադարձավ անընդհատ պտտվող հարցին` Հայաստանը կճանաչի՞ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թե՞ ոչ:
«Այս մասին չի խոսվել ու երբեմն այդքան էլ ճիշտ չի ընկալվում խոսակցությունը, բայց մենք պետք է արձանագրենք մի բան, որ ՀՀ օրենսդրությամբ, օրենսդրության մաս կազմող ՀՀ խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը ու այդ համաձայնագիը վավերացվել է դեռևս 1992 թվականին», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մադրիդյան սկզբունքները, երբ բանակցությունների հիմք են դարձել, այնտեղ արձանագրված սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որը երկու կողմն էլ ընդունել է որպես բանակցությունների հիմք:
«Այո, սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը շատ կարևոր է, բայց, մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ բոլորովին վերջերս ՌԴ արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցեսը կապ չունի Ղարաբաղի հարցի կարգավորման հետ, դրանք տարբեր գործընթանցեր են», - ասաց ՀՀ վարչապետը:
Նա նշեց, թե խաղաղ զարգացման դարաշրջան բացելը Հայաստանի համար ռազմավարական օրակարգ է ու, երբ այդ օրակարգը որդեգրել են, ինքն ասել է` սա միայն Հայաստնից չէ կախված, բայց որ Հայաստանն այդ օրակարգին հետևելու է սկզբունքորեն, ակնհայտ է:
«Այո, Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի, պետք է բանակցություններ տեղի ունենան, ու Հայաստանը պատրաստ է բանակցություններին», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: