24/01/2022 21:36
Շատ տրամաբանական կլինի, եթե, օրինակ, այս տարի հասնենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման․ ՀՀ վարչապետ
Ըստ էության, կողմերն արձանագրեցին, որ համաձայնել են առանց նախապայմանների քննարկման։ Դա արդեն շատ էականորեն լիցքաթափում է գործընթացի շուրջ լարվածությունը և նեգատիվ մթնոլորտը։ Դա խոսակցություն է, որը պետք է տեղի ունենա, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչների առաջին հանդիպման վերաբերյալ իր կարծիքը հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե հավանական համարու՞մ է, որ այս տարի դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն Հայաստանի և Թուրքիայի միջև, Փաշինյանը պատասխանեց.
«Ես չեմ կարող կանխատեսել՝ հնարավոր է, թե ոչ՝ այս տարի, որովհետև դա միայն մեզնից չի կախված, բայց շատ տրամաբանական կլինի, եթե, օրինակ, մենք հասնենք այդպիսի արդյունքի․ մասնավորապես, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման»։
Փաշինյանն այս համատեքստում կարևոր նախադրյալ համարեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի շահագրգռվածությունը՝ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։
«Կարծում եմ՝ խնդիրը հետևյալն է․ արդյոք Հայաստանը և Թուրքիան անկեղծորեն շահագրգռվա՞ծ են առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորել։ Ես մեր կողմից կարող եմ ասել, որ միանշանակ, այո, և հույս ունեմ, որ այդպիսի հնարավորություն կա, և եթե այդ հնարավորությունը կա, այն կօգտագործվի։ Ես կարող եմ հաստատել մեր կառավարության անկեղծությունն այդ հարցում», - ասաց նա։
Հայաստանի վարչապետը նշեց նաև, որ չի կարող երաշխավորել, որ Թուրքիան նախապայմաններ առաջ չի քաշի։
«Մենք չենք կարող երաշխիքներ տալ, որ այդպիսի բան տեղի չի ունենա։ Բայց նաև այդտեղից պետք է ստանանք հարցի պատասխանը, թե կողմերը որքանով են շահագրգիռ», - նշեց նա։