24/01/2022 17:13
Տեսանելի ապագայում Քովիը չի լքի մարդկությանը․ պետք է նախապատրաստվել նաև նոր համավարակների․ ԱՀԿ գլխավոր տնօրեն
Տեսանելի ապագայում Քովիը չի լքի մարդկությանը, այդ պատճառով պետք է սովորել կառավարել այն, հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։
«Իրականությունն այն է, որ մենք տեսանելի ապագայում ապրելու ենք Քովիդի հետ, ուստի պետք է սովորել կառավարել այն, ինչը հիմք կստեղծի ապագա համավարակներին նախապատրաստվելու համար»,- ասել է նա։
Գեբրեյուսը հիշեցրել է, որ երկու տարի առաջ, երբ համաշխարհային առողջապահությունում արտակարգ իրավիճակ սահմանվեց, աշխարհում Քովիդով վարակվածության ընդամենը 100-ին հասնող դեպքեր կային, իսկ մահ չէր գրանցվել, այնինչ նախորդ շաբաթվա ընթացքում ԱՀԿ-ն միջինը 3 վայրկյանը մեկ տվյալներ է ստացել Քովիդով վարակվելու հերթական 100 նոր դեպքի մասին, յուրաքանչյուր 12 վայրկյանը մեկ գրանցվել է մահ։
Այժմ, ԱՀԿ գլխավոր տնօրենի խոսքով, Քովիդով վարակվածների թիվն աշխարհում 350 միլիոնից ավելի է, գրանցվել է 5,5 միլիոնից ավելի մահ։
Թեդրոս Գեբրեյեսուսը հայտնել է նաև, որ Քովիդի «օմիկրոն» շտամը հայտնաբերվելուց հետո, վերջին 9 շաբաթվա ընթացքում, ԱՀԿ-ն տվյալներ է ստացել 80 միլիոնից ավելի վարակվածների մասին։
ԱՀԿ գլխավոր տնօրենի խոսքով՝ համավարակի տարածման, ինչպես նաև դրա սուր փուլի ավարտի բազմաթիվ սցենարներ կան, բայց «վտանգավոր է ենթադրելը», որ «օմիկրոնը» Քովիդի վերջին տարբերակն է, և որ մարդկությունը «խաղի վերջում է»։