24/01/2022 21:27
Ինֆորմացիային տիրապետում եմ նաև ես. Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ Սերժ Սարգսյանը կարող է գաղտնիքներ բացահայտել (Տեսանյութ)
Մենք երջանիկ չենք, որ Հայաստանը Արցախի նախկին ղեկավարների ձեռամբ դուրս մղվեց բանակցային գործընթացից, այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին` համարո՞ւմ է, որ Արցախի կարգավիճակի պատասխանատուն այսուհետ Արցախի իշխանությունն է:
«Մենք բանակցային գործընթացի համար դա համարում ենք աղետաբեր», - ասաց նա:
Վարչապետի խոսքով` Հայաստանն իր այսօրվա բանակցային կարգավիճակով ունի առաջնային պատասխանատվություն:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից պատրաստվում է գաղտնիքներ բացահայտել, որոնք կհերքեն իր՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, վարչապետն ասաց, թե այն ամբողջ ինֆորմացիային, որին կարող է տիրապետել Սերժ Սարգսյանը, այդ ինֆորմացիային տիրապետում է նաև ինքը. այդ ինֆորմացիան 2018 թվականից դրված է իր սեղանին:
«Ես բացառում եմ, որ կարող է լինել օբյեկտիվորեն գոյություն ունեցող մի փաստ, որին ես այսօր չեմ տիրապետում կամ 2018 թվականին չեմ տիրապետել: Թող հրապարակեն, ո՞վ է արգելում, կներեք, տարուց ավելի է՝ փաստեր են հրապարակում, և՞», - նշեց Նիկոլ Փաշինյանը: