25/01/2022 12:08
Նախարարը չի տիրապետում, թե 2021-ի ընթացքում Զինված ուժերում ոչ մարտական կորուստները որքան են եղել. կորած զինվորի մասին ՊՆ-ն որևէ տեղեկություն չի հաղորդել. պատգամավոր
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ` 2021 թվականի ընթացքում, բացի սահմանագծում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքներից, գերեվարման դեպքերից, Զինված ուժերում ունենք նաև ոչ կանոնադրական հարաբերությունների ընթացքում մահացած զինծառայողներ:
Նա նշեց, որ ԱԺ նիստրեի ընթացքում պարզվեց` Պաշտպանութան նախարարը չի տիրապետում, թե 2021 թվականի ընթացքում Զինված ուժերում որքան ոչ մարտական կորուստներ են եղել:
Պատգամավորի խոսքով` 2021 թվականի նոյեմբեր ամսին կա կորած զինծառայող, որի մասին ՊՆ-ն որևէ տեղեկություն չի հաղորդել ու ամեն ինչ անում է, որ նման դեպքերը որևէ ձևով չհանրայնացվեն:
«Փաստացի, պետական կառավարման համակարգը գնում է դեպի փակում տեղեկատվական առումով, ավելին, իշխանության կողմից կան ազդակներ առ այն, որ տեղեկությունները, որոնք իշխանության քիմքին հաճելի չեն, դրանց հրապարակայնացումը կարող է բերել տարբեր քրեական գործերի հարուցման»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Տիգրան Աբրահամյանն ասաց, թե իշխանությունը փորձում է օգտվել որոշ հարցերի գաղտնիությունից ու ամբողջությամբ փակել համակարգը. սա խնդիր է զինվորների ընտանիքների համար, քանի որ, պատգամավորի խոսքով, կան զինծառայողների իրավունքների խախտումներ, որոնք որևէ ձևով չեն հանրայնացվում ու պատասպան չեն ստանում: