25/01/2022 13:44
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կօգնի բացառելու զինված բախումները. Բորդյուժա
Այսօր պետք է խոսել ոչ թե Հայաստանին ՀԱՊԿ-ի կողմից աջակցություն ցուցաբերելու, այլ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման մասին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը Հայաստանին այնպիսի աջակցություն կցուցաբերի, ինչպես Ղազախստանին:
«Ես խորությամբ տեղյակ եմ Ղարաբաղի խնդրին և դրա հետ կապված այլ հարցերի, դրանցով շատ եմ զբաղվել: Ես այսօր չեմ ցանկանում խոսել ՀԱՊԿ-ի արձագանքի մասին, ինչպես Ղազախստանում: Ես ցանկանում եմ խոսել Հայաստանին և Ադրբեջանին ճանաչված սահմաններ հաստատելուն աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին», - նշել է Բորդյուժան:
Նրա խոսքով՝ դա նշանակում է համատեղ խմբերի ստեղծում, արխիվային նյութերի, տարբեր տարիների քարտեզների ստացում, այդ թվում՝ Ռուսաստանից, ինչպես նաև սահմանների հարցով փոխադարձաբար ընդունելի որոշման կայացում:
«Խոսքը, առաջին հերթին, սահմանազատման մասին է, որն անմիջապես կբացառի զինված բախումների, փոխհրաձգությունների հետ կապված հարցերը, ապա՝ սահմանագծման», - հավելել է ՀԱՊԿ-ի նախկին պաշտոնյան:
Նրա խոսքով՝ ՌԴ-ն միջնորդական ջանքեր է առաջարկել, առաջարկել է տրամադրել պատմական նյութեր, պաշտպանության նախարարության արխիվից քարտեզներ, որպեսզի դրանք հիմք հանդիսանան հայ-ադրբեջանական համատեղ աշխատանքային խմբի համար:
«Չեմ կարծում, որ այս փուլում կարելի է զորք մտցնելու և Հայաստանին ռազմական աջակցություն տրամադրելու հետ կապված որևէ հարց մշակել: Այն, ինչ մինչև այժմ արվել է, այդ թվում՝ խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում, կայունության երաշխիք է», - հավելել է Բորդյուժան: