25/01/2022 16:23
Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը միացել է Մարտունու տեխնոդպրոցի ստեղծման նախագծին
Արցախի կառավարությունը միացել է Արցախի «Մունք» տեխնոդպրոցը ստեղծելու նախագծին՝ այդ թվում ֆինանսական աջակցություն տրամադրեով։
Արցախում Տեխնոդպրոցը կրթական նախագիծ է ՏՏ ոլորտում, որն իրականացվում է «Ես» կրթական հիմնադրամի կողմից։ Նպատակը երեխաներին որակյալ տեխնիկական գիտելիքներ տալն է, ինչը նրանց համար զարգացման հեռանկարներ կստեղծի իրենց իսկ բնակավայրերում և ճանապարհ կբացի դեպի ՏՏ շուկա։
Նախագծի հեղինակը մաթեմատիկոս և ծրագրավորող Աշոտ Ավանեսյանն է, որը Ստեփանակերտում ուսման և Երևանում աշխատանքի երկար տարիներից հետո վերադարձել է հարազատ գյուղ և մշակել է Տեխնոդպրոցի գաղափարը։ Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 68 մլն դրամ։
«Մարտունու տեխնոդպրոցը Մարտունի քաղաքի և ենթաշրջանի գյուղերի տեխնոլոգիական ապագան է։ Տեխնոդպրոցի ստեղծմամբ մենք տեխնոլոգիական կրթությունը դնելու ենք որակական նոր հիմքերի վրա։ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը սատար է կանգնում այս բացառիկ նախագծի իրականացմանը՝ կրկնապատկելով մինչև 14 միլիոն դրամ արված ցանկացած ներդրում։ Մարտունու տեխնոդպրոցը մեր կրթական հաղթաթուղթն է», - ասում է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։
Նշենք, որ շարժական լաբորատորիաների հետ մեկտեղ ապագայում ստեղծվելու է մեծ տեխնոլոգիական դպրոց։ Շենքն ունենալու է երեք կահավորված սրահ, մեկ ընդհանուր աշխատանքային սենյակ և սանհանգույց։ Նախագծի շրջանակում Հաղորտիի գյուղապետարանը տրամադրել է համայնքապետարանի շենքը։ Վերանորոգումից հետո այն կկարողանա ընդունել 100 երիտասարդ, իսկ նախագծի շահառուների թիվը կհասնի 280։ Հետագա հինգ տարվա ընթացքում պատրաստվելու է շուրջ 270 նոր ՏՏ մասնագետ, ինչը միայն աշխատավարձի տեսքով երկիր կբերի շուրջ 1 մլրդ դրամ, ինչպես նաև կսկսի գործել ավելի քան 10 ՏՏ ընկերություն։