26/01/2022 17:28
Ադրբեջանական գերությունից վերադարձած ենթասպա Արեն Արամյանը կշարունակի կալանավորված մնալ
Ադրբեջանական գերությունից նոյեմբերի 26-ին հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը կշարունակի մնալ կալանավորված, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է փաստաբան Արա Կարապետյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մերժել է Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը՝ հաշվի չառնելով նրա առողջական վիճակը։
Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։
«Պաշտպանական կողմը միջնորդության հիմքում դրել էր երկու նոր հանգամանք. նախաքննության ավարտն ու Արամյանի՝ վատթարացած առողջական վիճակը, սակայն միջնորդությունը մերժվել է»,–ասել է փաստաբանը։
Կարապետյանի խոսքով` պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել, բայց գերնպատակը Արամյանի պատշաճ բուժօգնության տրամադրումը կազմակերպելն է։
«Ըստ իմ ունեցած տեղեկության, Արամյանն այսօր պետք է տեղափոխվի հիվանդանոց` ստացիոնար բուժման, սակայն պաշտոնական ծանուցում դեռ չենք ստացել»,–նշել է փաստաբանը։
Նշենք, որ գերեվարվելուց հետո Արամյանին Գանձակից Բաքվի հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով՝ վիրահատության, քանի որ վիճակը ծանր է եղել, իսկ նոյեմբերի 26-ին հայրենադարձվելուց հետո Արամյանը տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց։ 10 օր բուժում ստանալուց հետո նա կալանավորվել է։
Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Արամյանը հարցաքննվել է՝ որպես տուժող։ Դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա՝ վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է։