26/01/2022 09:08
«Հրապարակ»․ Երևանի ընտրություններին արդեն սկսել են պատրաստվել․ քաղաքապետի գլխավոր հավակնորդ Տիգրան Ավինյանի առջև կանաչ լույս է վառվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի պաշտոնից Հայկ Մարությանին հեռացնելուց հետո այդ պաշտոնի գլխավոր հավակնորդ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առջև կանաչ լույս են վառել՝ կադրային քաղաքականությամբ և այլ քայլերով նախապատրաստվելու Երևանի ավագանու ընտրություններին, որոնք, դեռ պարզ չէ՝ կլինեն հերթակա՞ն, թե՞ արտահերթ։ Իշխանությունը հասկանում է, որ Երևանում հաղթելու համար շատ ջանքեր կպահանջվեն, ուստի պետք է այսօրվանից սկսել պատրաստվել դրան։
Ավինյանին, ըստ այդմ, քարտ բլանշ են տվել՝ նշանակումներ անել, ոմանց աջակցել, ոմանց ընդառաջել և պայմանավորվածություններ ձեռք բերել, որ ընտրությունների ժամանակ ձայներ բերեն ՔՊ-ին։ Սակայն պարզվել է, որ առաջին հայացքից մեղմ ու կառավարելի Հրաչյա Սարգսյանը, որին քաղաքապետ դարձրին Մարությանից ազատվելու համար, այդքան էլ հեշտ չի տեղավորվում այս ծրագրի շրջանակում։ Նա սկսել է հակադրվել Ավինյանին, բոյկոտել նրա ուղարկած կադրերին և որոշ հարցերում ընդդիմանալ։
ՔՊ-ական շրջանակում կա նաև կարծիք, որ սա կարող է հենց Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը լինել՝ մի կողմից Ավինյանին հրահանգել քայլեր անել և վերահսկել Երևանը, մյուս կողմից՝ Հրաչյա Սարգսյանին ներշնչել, որ ինքն է միակ որոշողը։ «Բաժանիր, որ տիրես» սկզբունքն աշխատող սկզբունք է։ Մեզ պատմեցին, որ Սարգսյանը Ավինյանի ներկայացրած կադրերից մի քանիսին մերժել է՝ նշելով, որ թեկնածուները չեն համապատասխանում պաշտոնի պահանջներին»։