27/01/2022 11:24
Հայաստանին կտրամադրվի 1 մլն 719 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը hավանություն տալու մասին նախագիծը:
Ըստ այդմ, Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայասանին կտրամադրվի 1 միլիոն 719 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ:
Նախարարն ասաց, թե ծրագրի նպատակն է հասարակական շենքերում էներգախնայողության մակարդակի բարձրացումը:
Սանոսյանի խոսքով՝ ծրագրով 5-6 ուղղությամբ աշխատանքներ են իրականացվելու:
«Ծրագրով նախատեսվում է մոտ 20 շենքում՝ պետական ու համայնքնային պատկանելիության, էներգախնայողության մակարդակի աճի մոտ 50 տոկոսով ծրագրեր իրականացնել, որոնք կբերի 50 տոկոսով խնայողության, առնվազն տարեկան 3000 մեգավատտ-ժամ էլեկտրաէներգիայի խնայողության ու տարեկսն 700 տոննա ածխաթթու գազի արտանետման ցուցանիշների նվազեցման», - մանրամասնեց Գնել Սանոսյանը:
Ծրագրի իրականացման ժամկետը 2 տարի է, սակայն եթե չկարողանան երկու տարում ծրագիրն ավարտել, ժամկետը ավելացնելու հնարավորություն կա: