27/01/2022 17:43
Թող Ալեն Սիմոնյանի ծառայողական շքեղ մեքենան վաճառեն, տեղահանված արցախցիներին տրվող աջակցությունը մեծացնեն. իրավապաշտպան
Պետության պարտավորությունն է ապահովելու Արցախից տեղահանվածների կեցությունը։ Թող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծառայողական շքեղ մեքենան վաճառեն, արցախցիներին տրվող դրամական աջակցությունը մեծացնեն կամ, թող այլ տարբերակ գտնեն, բայց ինչ-որ բան անպայման անեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով տեղահանվածների մասնակցությամբ այսօր կառավարության շենքի առջև բողոքի հերթական ակցիային, որի ընթացքում տեղահանված հադրութցիները պատրաստակամություն էին հայտնում ստորագրելու և հրաժարվելու իրենց տրվող 20 հազար դրամ օգնությունից։
«Չգիտեմ՝ ինչ կարող է անել ՀՀ կառավարությունը, բայց որ առաջնահերթության կարգով պետք է օգնի ամեն ինչ կորցրած, զոհված հարազատներ ունեցող արցախցիներին, կասկածից վեր է»,-նշեց նա:
Ալեքսանյանի խոսքով՝ մարդկանց տրվող 20 հազար դրամներն ուղղակի ծիծաղելի են։
«Պետությունը պետք է լրջորեն մտածի նրանց մասին, ոչ թե մատների արանքով նայի այդ մարդկանց խնդիրներին։ Տեղահանված արցախցիները պետք է ապահովվեն նվազագույն պայմաններով, բայց նվազագույնն այն չէ, ինչ արվել է մինչև հիմա։
Այդ մարդիկ ՀՀ իշխանությունների մեղքով են տեղահանվել, պատերազմում նրանց պարտության հետևանքով են ամեն ինչ կորցրել։ Իսկ եթե ՀՀ իշխանությունները պարտվել են, ապա պարտավոր են հոգալ տուն, ունեցվածք և ամեն ինչ կորցրած մարդկանց կարիքները, մինիմալ պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք կարողանան ապրել։ Պետք է հարգել այդ մարդկանց և կատարել նրանց առջև ունեցած պարտավորությունները»,- նշեց իրավապաշտպանը։