27/01/2022 12:49
Մայր թատրոնը 100 տարեկան է
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը տոնում է հիմնադրման 100-ամյակը:
Հոբելյանի շրջանակում կազմակերպված հրավերքին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թատրոնի դերասանական կազմը, մշակույթի գործիչներ, հրավիրյալ այլ անձինք: Ողջույնի խոսքով հանդես են եկել նախարար Վահրամ Դումանյանը, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը:
Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հակիրճ ներկայացրել է թատրոնի վերջին տարիների ձեռքբերումները և առաջիկա ծրագրերը՝ ներառյալ սպասվելիք մեծ պրեմիերան, թատերական պաստառների միջազգային փատատոնը։
«Ես ուզում եմ հաստատել, որ մենք նոր դեմքով ենք կանգնել ապագային ընդառաջ», - ասել է Վարդան Մկրտչյանը՝ երախտագիտության խոսք ուղղելով այն մշակութային գործիչներին, որոնց աշխատանքի ու նվիրման շնորհիվ թատրոնը կերտել է իր մեկդարյա պատմությունը։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը փառավոր հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է թատրոնի ողջ անձնակազմին, հազարավոր հանդիսականներին:
«Մեկ դար առաջ բացվեց առաջին պետական թատրոնի վարագույրը՝ բացելով ճանապարհ դեպի պրոֆեսիոնալ թատերական գործունեության ամրապնդում, համաշխարհային դասական դրամատուրգիայի յուրացում, ռեժիսորական որոնումներ ու դերասանական բացառիկ դրսևորումներ: Փառք ու խոնարհում բոլոր մեծանուն և ականավոր գործիչներին, որոնց շնորհիվ կայացան հայ թատերական մշակույթը, դերասանական ու ռեժիսորական դպրոցը»,- ողջույնի խոսքում նշել է ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ նախարարության աջակցությամբ և համագործակցությամբ թատրոնն այսօր ապրում է բովանդակային և ոճական նորոգումների իր շրջանը։
Ըստ Վահրամ Դումանյանի՝ իրենց առաջնային խնդիրն է ունենալ բարեկարգ և ներկայանալի թատրոն, ուշագրավ և բարձրակարգ ներկայացումներ, կրթական-մշակութային նախագծեր և լեցուն դահլիճներ, ինչի ուղղությամբ իրականացվում են հետևողական աշխատանքներ:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի հորդորով ներկաները ծափողջույններով հիշել են մայր թատրոնի պատմության էջերում իրենց վաստակն ամրագրած մեծերին։
«Նրանք, ովքեր ինձնից առաջ են աշխատել, փորձել են թատրոնում պահպանել ավանդույթները և ազգային մտածողությունը: Նույնը փորձում ենք անել նաև մենք՝ բեմ բարձրացնելով թե´ համաշխարհային, թե´ ազգային գրականությունը, փոխանցելով և կիսելով մեր հույզերն ու հոգսերը», - նշել է Արմեն Էլբակյանը։
Հյուրերին կատարումներով ողջունել է Հայաստանի պետական կամերային նվագախումբը։