27/01/2022 18:18
Օնիկ Գասպարյանը հարցաքննվել է՝ քրեական գործի շրջանակներում․ «Փաստինֆո»
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Օնիկ Գասպարյանի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը չի հերքել տեղեկությունը, բայց նաև զերծ է մնացել պաշտոնապես հաստատելուց։
Հակակոռուպցիոն կոմիտեն ևս չի հերքել՝ հրաժարվելով մեկնաբանությունից։
Արցախյան երրորդ պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Մովսես Հակոբյանը աղմկահարույց հայտարարություններ էր արել՝ նշելով, որ պատերազմի երրորդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը և հանձնարարել առաջնագիծ ուղարկել կամավորականներին: Նա ընդգծել էր, որ իր խոսքերը որևէ մեկը հերքել չի կարող, քանի որ կան ձայնագրություններ։
Ասուլիսում հնչեցված հայտարարությունների առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը: Նույն քրեական գործի շրջանակներում քննության առարկա են իշխանությունների կողմից առերևույթ պետական դավաճանության, ՀՀ տարածքային ամբողջականության խախտման մասին հաղորդումները, որի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ ԶՈՒ ներկայիս ԳՇ պետ Արտակ Դավթյանը, նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և այլ զինվորականներ։