27/01/2022 13:55
Կորոնավիրուսի սահմանափակումներով պայմանավորված՝ ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է. Վահան Քերոբյան
Ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է, լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային սահմանափակումներով պայմանավորված հանրային սննդի ոլորտում տիրող իրավիճակին:
«Կան ոլորտի ընկերություններ, որոնց մոտ շատ քիչ է ընկել՝ հաշվի առնելով հաճախորդների բազան, բայց դեպքեր կան, որ ավելի շատ է ընկել», - ասաց նա:
Նախարարը նշեց, թե ուշադիր հետևում են իրադրության զարգացմանը և եթե տեսնեն, որ վիճակը դուրս է գալիս նորմալի սահմաններից, ապա համատեղ ուժերով որևէ այլ մոտեցում կնախատեսեն։
«Այս պահին համարում ենք, որ «Օմիկրոնի» վայրագ տարածմանը զուգընթաց բավական ճիշտ է սահմանափակումը», - նշեց Քերոբյանը:
Նրա խոսքով՝ անկումը բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա, սակայն, եթե կորոնավիրուսային իրավիճակը դուրս գա վերահսկելիության սահմաններից, ապա ազդելու է ոչ միայն տնտեսության, այլև մարդկանց առողջության ու կյանքի վրա, հետևաբար, փորձում են որոշումները բալանսավորված կայացնել։
Հիշեցնենք՝ հունվարի 22-ից հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել.
կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ,
կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք,
կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։