28/01/2022 11:16
Թույլ չենք տա նսեմացնել մեր ազգի ու պետության անվտանգության երաշխավոր Հայոց բանակը. ՀՅԴ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Բանակի օրվա առթիվ:
«30 տարի առաջ՝ 1992 թ․ հունվարի 28-ին, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» պատմական որոշումով ազդարարվեց Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Այն ծնունդն էր մեր արդար պայքարի, մեր պոռթկած արժանապատվության՝ ծառայելու մեր անվտանգությանն ու պետականության ամրապնդմանը։
Հայոց բանակը կոփվեց հերոսական մարտերում՝ դառնալով հզոր ու մարտունակ: Յուրաքանչյուր հայ հպարտ էր իր բանակով և իր զինվորով։ Մեզ միացնում էր այն հաստատ համոզումը, որ Հայրենիքի սահմանին կանգնած զինվորը գիտակցում և ծառայում է վեհ գաղափարի՝ ինքն է հայկական պետության և անվտանգության հիմնական երաշխավորը:
Հայոց բանակն ու Հայոց պետականությունն իրենց կայացման ճանապարհին դժվար փորձություններով են անցել, արձանագրել հերոսական էջեր, դիմագրավել և շարունակում են դիմագրավել լրջագույն մարտահրավերներ։
Մեր ժողովրդի և բանակի համար այս ծանր օրերին պետք է գիտակցենք և առաջնորդվենք կամքով և հավատով, որ մեր նահանջները ժամանակավոր են, որ մեր բանակն ու զինվորը յուրաքանչյուրիս անվերապահ զորակցության կարիքն ունեն։ Միասնական նվիրումով զորացնենք մեր ազգային բանակը, սահմանին կանգնած մեր որդիներին հավատ ու վստահություն ներշնչենք սեփական ուժերի և վսեմ առաքելության նկատմամբ։
ՀՅԴ-ն, լինելով Հայոց բանակի կազմավորման ակունքներում, մշտապես սատարել է Հայոց բանակին։ Մենք դա գործով ենք ապացուցել՝ պետականության և հայ զինվորի կողքին կանգնելով Արցախյան ողջ ազատամարտի, նաև 44-օրյա պատերազմի օրերին։ Մենք դա արել ենք անսակարկ, մեր տասնյակ նվիրյալ ընկերների կյանքի գնով, նրանց հերոսական զոհողություններով։ Այսօր էլ կանգնած ենք հայրենիքի և պետականության, նրա նվիրյալ գեներալների, սպաների ու զինվորների կողքին և թույլ չենք տա նսեմացնել մեր ազգի ու պետության անվտանգության երաշխավոր Հայոց բանակը, այն էլ` անվտանգային լրջագույն սպառնալիքներով լի այս ժամանակներում:
Խոնարհում հայ զինվորին։
Շնորհավո´ր տոնդ, Հայո՛ց բանակ: Շնորհավո´ր տոնդ, հա՛յ ժողովուրդ, անկոտրում կամքով դեպի նոր հաղթանակներ», - նշված է հայտարարությունում: