28/01/2022 21:01
Երևանում է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, Ադրբեջանում «persona non grata» հայտարարված Սերգեյ Պոտապկինը
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Երևանում է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սերգեյ Պոտապկինը, ով Հայաստանի և Արցախի կողքին է եղել դժվարին ու պատասխանատու պահերին։
«Երևանում է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, Ադրբեջանում "persona non grata" հայտարարված, Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սերգեյ Պոտապկինը:
Մարդ, ով Ապրիլյան պատերազմի օրերին դիվանագիտական ճակատում հայ ժողովրդի կողքին էր՝ ոչ միայն բարոյապես:
Որպես ԵՄ անդամ երկրի պատգամավոր, նա այդ օրերին եկավ Հայաստան, միասին այցելեցինք Արցախի առաջնագիծ:
Նա Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ճարտապետներից էր։
Նրա ջանքերով նաև Լատվիայի խորհրդարանը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, որտեղ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումը։
Գործընկերություն, որ վերածվեց ընկերության:
Շնորհակալ եմ, եղբայր:
Հ.Գ. Այսօր էլ Սերգեյ Պոտապկինն, ավանդույթի համաձայն, այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն ու հարգանքի տուրք է մատուցել Հայ Զինվորին»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։