28/01/2022 19:49
Անլուրջ վերաբերմունք է պետական կառավարման ու բանակի նկատմամբ․ Սեյրան Օհանյան
Բանակն արդեն իսկ պետք է ոտքի վրա ամուր կանգնած լիներ, սպառազինության մատակարարումից զատ, News.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Անընդհատ կրկնում են, թե անօդաչու թռչող սարք են փորձարկել։ Դրանով նախ հակառակորդին ասում են, որ մեկ հատ ունեն, անընդհատ փորձարկում են, երկրորդը՝ ստիպում են հակառակորդին ծիծաղել մեզ վրա: Պետք չէ բանակի որևէ գործունեության ուղղություն վերածել անձնական, թիմային PR-ի:
Այս ամենի պատճառն անփորձությունն է։ Անփորձ մարդիկ փորձում են արագ կայանալ, իսկ արագ կայանալը անփորձ մարդկանց համար այնքան էլ հեշտ բան չէ: Մեր երկրին պետք են մեծահոգի մարդիկ, իսկ անփորձները մեծահոգի չեն կարող լինել, դրա համար է, որ մանրախնդիր գործունեություն են վարում, մանրախնդրությունը մեզ այսօր ուտում է: Դա է պատճառը, որ այսօր, եթե պետք է չափավոր կերպով նշվեր բանակի օրը, այնպիսի անլուրջ վերաբերմունք է, որ մի ամբողջ ղեկավարություն հիվանդանա և այդ պատճառով չնշվի տոնը։ Կարծում եմ՝ սա անլուրջ վերաբերմունք է պետական կառավարմանն ու բանակին»,-ասել է նա:
Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ պատերազմի ժամանակ պարտավոր էինք և կարող էինք հակառակորդին կանգնեցնել ռազմավարական բարձունքներում, լեռնաանտառային պայմաններում, Հադրութի, Ջրականի հատվածներում։
«Մեր այսօրվա ղեկավարությունը չկարողացավ մեր ամբողջ ռեսուրսները տեղափոխել ռազմական ռելսերի վրա»,-ասել է նա: