28/01/2022 21:47
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը․ կհնչի Ռոսինիի «Stabat Mater» ստեղծագործությունը
Փետրվարի 4-ին, ժամը 19:00 «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։ Կհնչի Ջոակինո Անտոնիո Ռոսինիի «Stabat Mater» ստեղծագործությունը։
Մենակատարներն են՝ Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո սոպրանո), Միքայել Գրիգորյանը (տենոր), Զոհրաբ Զոհրաբյանը (բաս): Տոմսերի արժեքը` 1000-8000 դրամ։
«Stabat Mater»-ը հոգևոր քրիստոնեական երգ է՝ լատիներենով, որը պատմում է խաչված Որդու խաչի առջև սգացող Աստվածամոր մասին: Անվանումը առաջացել է հիմնի առաջին տողից՝ «Stabat Mater dolorosa», ինչը նշանակում է ՝ «Կանգնած էր սգավոր մայրը»։
Ռոսինին գրել է պարտիտուրայի միայն մի մասը՝ վատառողջ լինելու պատճառով։ Մնացած 6 լրացուցիչ մասերն ավարտել է նրա ընկեր Ջովանի Թադոլինին։
Ամբողջական ստեղծագործության բաց պրեմիերան տեղի է ունեցել 1842 թվականի հունվարի 7-ին՝ Փարիզի Իտալական թատրոնի դահլիճում, իտալացի օպերային երգիչների կատարմամբ։ Ականատեսների վկայություններով՝ Փարիզը մեծ փառքով է ընդունել ստեղծագործությունը, իսկ հանդիսատեսը բուռն ծափահարություններով բացականչում էր․ «Ռոսինի՜, Ռոսինի՜»։