28/01/2022 12:42
Մեր ազգային երազանքների իրականացման ճանապարհին ստիպված ենք եղել վճարել ամենաթանկ գնով, ինչը այսօրվա տոնը դարձնում է շատ ավելի խորհրդավոր ու նվիրական. ՊԲ հրամանատար
Հայոց բանակի և Հայրենյաց Պաշտպանի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ- լեյտենանտ Կամո Վարդանյանը։
«Սիրելի հայրենակիցներ , հարգելի զինակից ընկերներ.
Այսօր ազգովի նշում ենք մեր պետականության հենասյուն ու ապավեն հանդիսացող կարևորագույն կառույցի՝ Հայոց Բանակի կազմավորման 30-ամյակը և Արցախի Հանրապետության տոնացույցի համաձայն՝ հայրենյաց պաշտպանի օրը. արժեքներ, որոնք 10-ամյակներ շարունակ երաշխավորել են մեր տեղն ու դերակատարումը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներում և պայմաններ ստեղծել մեր ազգի ու պետականության հետագա կենսագործունեության համար:
Իհարկե մեր ազգային ու պետական երազանքների իրականացման ճանապարհին մենք ստիպված ենք եղել վճարել ամենաթանկ գնով, ինչը այսօրվա տոները դարձնում է շատ ավելի խորհրդավոր ու նվիրական:
Գլուխ եմ խոնարհում հանուն հայրենիքի նահատակված բոլոր նվիրյալների լուսավոր հիշատակի,նրանց հարազատների և մարտական ընկերների առջև:
Շնորհավորանքներս ՝ Հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած և այսօր շարքում գտնվող այն բոլոր անհատներին, որոնք երբևէ կրել ու շարունակում են կրել հայրենիքի պաշտպանի մեծագույն կոչումը:
Մենք դեռևս ունենք բազմաթիվ անելիքներ ու անցնելիք երկար ճանապարհ, և ՊԲ հրամանատարության, ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորորելով մեր բոլոր հայրենակիցներին, ուզում եմ վստահեցնել, որ մենք հետևողական կլինենք՝ անցած 30 տարիներին ձևավորված լավագույն ավանդույթները պահպանելու և Հայրենյաց պաշտպանի կոչումը բարձր պահելու համար», - ասված է ուղերձում։