29/01/2022 10:29
Հունվարի 30-ին «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը
Հունվարի 30-ին «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը, որին նվիրված միջոցառումներին կարելիէ հետևել օնլայն, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Վեց ամիս տևողությամբ մեծամասշտաբ այս ցուցահանդեսում յուրաքանչյուր պետության ընձեռված է իր ազգային օրն առանձին տոնելու հնարավորություն։
Ի թիվս այլ բազմաթիվ հնարավորությունների, որ շուրջ 4 ամիս է ստեղծում է ցուցահանդեսը մասնակից պետությունների համար, սա ևս մեկ հիանալի առիթ է ավելի լայն լսարանի ներկայացնել ու հասանելի դարձնել Հայաստանը, հայկական մշակույթը, պատմությունը և երկրի այլ գրավչությունները։
Ցուցահանդեսային տարածքում ողջ օրը կտիրի հայկական տրամադրություն։
Ազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը կմեկնարկի 10։15-ին, ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակի բեմից՝ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությամբ, որին կհաջորդի ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների գլխավոր հանձնակատար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ելույթը։