29/01/2022 15:17
ՊՆ-ն ու ԳՇ-ն իրավունք չունեն շնորհավորել բանակի տոնը. նրանք պարտության են մատնել մեզ, քայքայել ու ջախջախել են բանակը. Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը համաձայն չէ ՔՊ-ական ՄԻՊ-ի թեկնածուի հետ, որ Հայաստանում քաղբանտարկյաներ չկան. նա պնդում է՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ:
«Աշխարհում չկա որևէ երկիր, որն ընդունի, որ ունի քաղբանտարկյալներ, այդպիսի երկիր գոյություն չունի, ոչ մի երկիր, այդ թվում, Հայաստանի իշխանությունների բարեկամ Ադրբեջանը նույնպես չի ընդունում, որ ունի քաղբանտարկյալներ», - լրագրողների հետ զրույցում ասաց Իշխանյանը:
«Շատերի համար զարմանալի է, որ ՄԻՊ-ի թեկնածուն, որ ինքը պետք է լինի իրավապաշտպան, ժխտում է քաղբանտարկյալների հարցը, բայց, եթե նա ընդուներ, որ կան քաղբանտարկյալներ, ապա չէր առաջադրվի ՄԻՊ-ի պաշտոնում», - նշեց Իշխանյանը:
Հիշեցնենք` Ազգային ժողովում ՄԻՊ-ի ընտրության հարցի ժամանակ Քրիստիննե Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ընդդիմությունը, սակայն, սեփական օրինակներով ապացույցներ էր ներկայացրել ու պնդել, որ իրենց թիմակիցները քաղբանտարկյալ են:
Անդրադառնալով Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ Պաշտպանության նախարարության ու Գլխավոր շտաբի կողմից ուղերձնել չհղելուն՝ Իշխանյանն ասաց, թե ուրախ է այդ ամենի համար:
«Նրանք իրավունք չունեն շնորհավորել բանակի տոնը, իրավունք չունեն այդ մասին խոսելու, որովհետև նրանք պարտության են մատնել մեզ և հայոց բանակին իրենց ապիկար կառավարման պատճառով։ Նրանք քայքայել ու ջախջախել են բանակը, կոտրել են բանակի ոգին: Եթե ես զինվորական լինեի, նրանց որևէ շնորհավորական կլիներ ինձ համար վիրավորական. պատիվ ունեցող զինվորականի համար պետք է վիրավորական լինի նրանց խոսքը», - հայտարարեց Ավետիք Իշխանյանը: