29/01/2022 09:41
«Հրապարակ». Իշխանական և մերձիշխանական շրջանակներում վտանգավոր իդեաներ են քննարկվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական և մերձիշխանական շրջանակներում վտանգավոր իդեաներ են քննարկվում՝ կապված սահմանադրական առաջիկա գործընթացների հետ։ Եթե դրանք իրականություն դառնան, Հայաստանը վերջնականապես կբռնի բռնապետության ուղին: Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանն արտախորհրդարանական ուժերի հետ ավանդական հանդիպումների ժամանակ վերջին շրջանում հաճախ է քննարկում սահմանադրական փոփոխությունների թեման, առաջարկում է տեսակետներ հնչեցնել, որոնք կդարձնեն քննարկման թեմա:
Նրա «հաճախորդներից» մեկը, ոչ ավել-ոչ պակաս, առաջարկել է ՏԻՄ մարմինները, նախևառաջ Երևանի քաղաքապետի պաշտոնը, ընտրովիից դարձնել նշանակովի: Նա իր առաջարկը հիմնավորել է այսպես, թե՝ ընտրությունները Հայաստանում պառակտում են ժողովրդին: Հիշեցնենք, որ ՏԻՄ մարմինների կարգավորումները Սահմանադրությամբ են տրվում: Իշխանական թիմում բավականին լուրջ են ընդունել այս իդեան, հատկապես, որ դրանով կլուծվի Երևան քաղաքի հարցը։ Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դիրքերը թույլ են հատկապես քաղաքամայր Երևանում, սրանով է նաև պայմանավորված, որ Երևանում չգնացին արտահերթ ընտրությունների, այլ իր կուսակցությունից ճամբարափոխ մեկին կարգեցին քաղաքապետ:
Իսկ մարզերում ՔՊ-ի վիճակն ավելի բարվոք է, թեև ՏԻՄ ընտրություններում ոչ բոլոր տեղերում կարողացան հաղթել: Եթե կյանքի կոչվի այս իշխանամերձ «հաճախորդի» առաջարկած սցենարը, ապա մինչև 2026 թվականը Հայաստանում ընտրություններ չեն լինի»։