31/01/2022 21:10
Lուրջ աշխատանքներ ենք կատարել` միտված մեր տեղահանված հայրենակիցների իրավական խնդիրները կարգավորելուն. Արցախի արդարադատության նախարար
2021 թվականը Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարության համար եղել է բավականին հագեցած տարի, «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության Արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը:
«Անցած տարում Արարադատության նախարարությանը պետական բյուջեով հատկացել է, ընդհանուր առմամբ, 385 մլն. դրամ, որի մոտ 91%-ը եղել է աշխատավարձային ֆոնդ, իսկ մնացած 9%-ը՝ գույքի և սարքավորումների վարձակալության, կապի և էներգետիկ ծառայությունների, գրասենյակային նյութերի, կոմունալ, ապահովագրական, գործուղման, ներկայացուցչական, վարչական, համակարգչային և տրանսպորտային ծախսեր: 2021 թվականի ընթացքում մենք լուրջ աշխատանքներ ենք կատարել` ոչ միայն ծրագրային բնույթի, այլև օրենսդրական այնպիսի բարեփոխումների ուղղությամբ, որոնք միտված են եղել մեր տեղահանված հայրենակիցների իրավական խնդիրները կարգավորելուն։ Պետք է նշել, որ կարողացել ենք մի շարք ոլորտներում ավարտին հասցնել այդ իրավական խնդիրների լուծումը»,-ներկայացրել է Միրզոյանը:
Նրա խոսքով՝ Արդարադատության նախարարություն է մուտք գործել 6439 գրություն, դրանք սահմանված ժամկետներում և սահմանված կարգով ընթացքավորվել են:
«Անցած տարվա ընթացքում նախարարության կողմից մշակվել է 66 օրենքի, կառավարության 27 որոշման նախագծեր, որոնց գերակշիռ մասն ընդունվել է Արցախի ԱԺ-ի և Կառավարության կողմից, իսկ մնացածը գտնվում են ընթացքի մեջ: Ընդունված իրավական ակտերով էական փոփոխություններ են կատարվել նոտարիատի և դատական ակտերի հարկադիր կատարման բնագավառներում»,-ընդգծել է նախարարը: