31/01/2022 22:04
Արցախի մասին բանավոր խոստում չի եղել․ Փաշինյանի հարցազրույցը լսելիս ինձ թվում էր, թե խոսողը ոչ թե Հայաստանի կառավարիչն է, այլ Ադրբեջանի նախագահը․ Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույցի ժամանակ քմծիծաղով արձագանքեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում «իր կողմից ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պնդմանը վերաբերող հարցին։
Դիտարկմանը՝ վարչապետն իր վերջին հարցազրույցում ասել է, որ Դուք խոստումներ եք տվել, և 2018-19 թթ․ այդ խոստումները, որոնք որևէ փաստաթղթում արձնագրված չեն, կյանքի կոչելու ժամանակն էր, ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց․
«Ես պետք է փորձեմ Ձեզ ուղղել ու ասել, որ նա դրա մասին ուղղակի չի հայտարարել։ Իր ոճին համապատասխան՝ այդպիսի ակնարկ է արել, որից ամեն վայրկյան կարող էր հրաժարվել։ Ես կարող եմ ասել հետևյալը․ որ բացարձակապես որևէ բանավոր խոստում չի եղել։ Եվ դա մեր գործելաոճը չէ՝ բանավոր պայմանավորվածությունների համաձայն ինչ-որ բաներ զիջել և այլն, և այլն` լինի դա էական, թե ոչ էական:
Բայց թույլ տվեք ասել, որ երբ որ ես լսում էի այդ հարցազրույցում Արցախի խնդրի հետ կապված հատվածները, ուղղակի ապշահար էի եղել, որովհետև հնչում էին այսպես ասած «փաստարկներ», որոնք ես լսել եմ 2008 թվականին, 2009 թվականին, 2010 թվականին՝ Ադրբեջանի նախագահի կողմից, և ինձ մի պահ թվում էր, անկեղծորեն եմ ասում, թե խոսողը ոչ թե Հայաստանի կառավարիչն է, այլ Ադրբեջանի նախագահը: Եվ ցավ էի ապրում, որովհետև ինքն այլևս չի կարողանալու օգտագործել այն օբյեկտիվ փաստարկները, որոնք լավ հնարավորություն են տալիս մեզ՝ հասնելու Արցախի կարգավիճակին, որովհետև եթե վաղը ինքը փորձի այդ փաստարկները բերել, հիշեցնելու են իր իսկ ասած խոսքերը»,- ասաց Սերժ Սարգսյանը։