31/01/2022 22:37
Բանակցությունների գնում ես ոչ թե բանակցողներից կամ միջնորդներից բացատրություններ պահանջելու, այլ քո տեսլականն իրականացնելու. Սերժ Սարգսյան
Կա՞ր մեկը, ով հավատում էր, որ հայկական կողմի և ադրբեջանական կողմի կարծիքները պետք է համընկնեն, այսօր հրավիրված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով Մադրիդյան սկզբունքների շուրջ հայկական և ադրբեջանական կողմի տարբեր ընկալումների մասին Փաշինյանի պնդումներին, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Բանակցությունների գնում ես ոչ թե, այսպես ասեմ՝ կամ բանակցողներից, կամ միջնորդներից բացատրություններ պահանջելու, այլ բանակցությունների գնում ես քո տեսլականն իրականացնելու. ի՛նչ ես դու ուզում այդ բանակցություններից` դա պետք է ասես, և ոչ թե պետք է գնաս ասես՝ ձեր առաջարկածն այս ի՞նչ է»,- ընդգծեց ՀՀ երրորդ նախագահը։
Նա նաև հստակեցրեց՝ առաջարկածը հստակ էր` խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը պետք է կարգավիճակ ստանա` չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
«Ենթադրվում էր, որ եթե հանրաքվե էր լինելու, ակնհայտ էր, որ որոշումն ինչպիսին պետք է լիներ: Ասում էր, որ այդ խնդիրն ուժային կերպով չի կարելի լուծել և ասում էր, որ գալու ենք խաղաղապահներով և այլն մինչև հասունանաք, մինչև հանրաքվե: Շատ պարզ էր: Այլևս ի՞նչ բացատրության կարիք կար: Ի՞նչ պետք է բացատրվեր: Այսինքն՝ ես գնացել եմ Կազան, որպեսզի բացատրություններ պահանջեմ Ալիևից: Ես գնացել եմ Կազան, որպեսզի համանախագահներին հարցնեմ՝ այս ի՞նչ է ընդհանրապես ձեր առաջարկածը: Ո՞նց կարելի է այդպիսի մոտեցում ցուցաբերել: Ո՞նց էլի: Ես չեմ հասկանում»,- ասաց Սերժ Սարգսյանը: