31/01/2022 10:31
Այս իշխանության համար Արցախի հարցը գլխացավանք է. ուզում են արագ ազատվել Արցախի հարցից, որ կարողանան շարունակել պաշտոնավարել, պահպանել իրենց իշխանությունը․ Արթուր Վանեցյան
Այս իշխանությունները խուսափում են Արցախի հարցի կարգավորումից, նրանց համար Արցախի հարցը գլխացավանք է, «Ազատություն» TV-ի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման շրջանակում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Նիկոլ Փաշինյանն իր վերջին երկու հրապարակային հարցազրույցում անուղղակի ասել է, որ Արցախի հարցն իր համար առաջնահերթություն չէ, Արցախի կարգավիճակի հարցով պետք է զբաղվեն Ռուսաստանի Դաշնությունը և Արցախի ժողովուրդը, որից հետո տեսանք, որ եղան շատ կոշտ հայտարարություններ Արցախի խորհրդարանականների կողմից։ Անգամ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով մինչև հիմա խուսափում էր Նիկոլ Փաշինյանին որևէ հարցում հակադարձել, ստիպված եղավ այդ հարցազրույցից հետո հակադարձել», - ասել է նա։
Արթուր Վանեցյանը նաև հիշեցրել է՝ Փաշինյանն իր վերջում հարցազրույցում, խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին, ոչ մի կերպ չհիշատակեց այդ սկզբունքներում ամրագրված ազգերի ինքնորոշման անքակտելի իրավունքի մասին, փոխարենը խոսեց միայն տարածքային ամբողջականության սկզբունքից։
«Եթե վերցնեինք, կարդայինք տեքստն ու չիմանայինք՝ տեքստի հեղինակն ով է, կմտածեինք, որ ադրբեջանական մի պաշտոնյա է խոսում դրա մասին։ Ասում եք, թե մի իրավիճակ է ստեղծվել, որ Հայաստանի իշխանություններն այլևս ոչ մի ազդեցություն չունեն Արցախի հարցի կարգավորման վրա։ Բայց ես համաձայն չեմ։ Այս իշխանություննե՛րն են փորձում խուսափել Արցախի հարցի կարգավորումից, նրանց համար, ինչպես սկզբում, այնպես էլ հիմա, Արցախի հարցը գլխացավանք է, և նրանք ուզում են արագ ազատվել Արցախի հարցից, որպեսզի կարողանան շարունակել պաշտոնավարել և պահպանել իրենց իշխանությունը, բայց չեն հասկանում և մոլորեցնում եմ մեր հասարակությանը, որ կորցնելով Արցախը՝ մենք կորցնելու ենք նաև Հայաստանի Հանրապետությունում հանգիստ ապրելու մեր հնարավորությունը, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմը փորձելու է Արցախը վերջնականապես գրավելուց հետո, անցնել նաև Հայաստանի Հանրապետության գրավմանը», - շեշտել է Արթուր Վանեցյանը։