31/01/2022 10:01
Թող ադրբեջանական զինուժն իր զորքերը դուրս բերի ՀՀ տարածքից, հստակեցվի Արցախի կարգավիճակի հարցը, հետո նոր գնանք դելիմիտացիայի և դեմարկացիայի․ Վանեցյան
Դելիմիտացիա և դեմարկացիա պետք է լինի․ չի կարող լինել մի երկիր, որը չունենա իր պետական սահմանները, բայց դելիմիտացիան և դեմարկացիան պետք է լինի արդար, ոչ թե ադրբեջանական կողմի թելադրանքով գծվեն Հայաստանի Հանրապետության սահմանները, «Ազատություն» TV-ի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման շրջանակում սահմանազատման ու սահմանագծման գործընթացին է անդրադարձել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա շեշտել է՝ ադրբեջանական զինուժը ՀՀ տարածքում է, չի պատրաստվում դուրս գալ․
«Այս պայմաններում՝ ուժի սպառնալիքի ներքո, Հայաստանը չի կարող սահմանազատում ու սահմանագծում անել։ Բացի այդ, առանց Արցախի հարցի կարգավորման, սահմանազատում ու սահմանագծում իրականացնելով, Հայաստանը միջազգային հանրությանն ազդակ կտա, որ իր համար Արցախի հարցը փակ է, այլևս գոյություն չունի: Թող ադրբեջանական զինուժն իր զորքերը դուրս բերի ՀՀ տարածքից, թող հստակեցվի Արցախի կարգավիճակի հարցը և, միանշանակ, մենք պետք է գնանք դելիմիտացիայի և դեմարկացիայի։ Եվ ամենակարևորը․ ադրբեջանական կողմը պետք է դադարի ուժի և սպառնալիքների լեզվով խոսել ՀՀ հետ։ Բայց մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը, Ալիևի գլխավորությամբ, մինչև ամենաներքևում կանգնած չինովնիկ, ՀՀ հետ խոսում են բացառապես սպառնալիքների լեզվով և, ցավոք սրտի, ՀՀ իշխանությունները, ԱԳ նախարարությունը համարժեք չեն արձագանքում Ադրբեջանի հոխորտանքներին»: