31/01/2022 23:15
Չեք տեսնի որևէ փաստաթղթում ակնարկ անգամ, որ մինչ վերջնական խնդրի կարգավորումը, ադրբեջանցիները պետք է վերադառնան ԼՂ բուն տարածք․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում, անդրադառնալով վարչապետի պնդմանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը երբեք չեն կարողացել համաձայնել հանրաքվեի անցկացման ժամկետի շուրջ, ասել է.
«Այո, որովհետև մենք առանձնապես այդպես մեծ ցանկություն էլ չունեինք ժամկետի հարցում պայմանավորվելու, և ես ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ՝ Ադրբեջանը կարող էր նույնիսկ չհամաձայնվել երբևէ հանրաքվեի: Բայց հենց դրա համար եմ ասում, որ խնդրի կարգավորման միակ տարբերակը փաթեթային լուծումն է: Փաթեթային լուծումը հնարավորություն չի տալիս կողմերից մեկին ստանալ ինչ որ ցանկանում է, այնուհետև ասել, որ մնացած պայմաններով… Այ, հենց դրա համար էր հանձնվում հինգ շրջան, երկուսը մնում էր: Մինչև հանրաքվեն չանցներ, այն երկուսը պետք է մնային` Լաչինն ու Քելբաջարը:
Ալիևն այդ մասին խոստովանել է հենց Քարվաճառում:
Այո, դե միայն այդ մասին չի խոստովանել, չէ՞, Ալիևը: Ալիևն Ապրիլյան պատերազմից հետո այն ստացած փաստաթղթերը, որ սա անվանում է աղետ, Ալիևը դա համարում էր, որ իրեն պարտադրում են, որպեսզի ճանաչի անկախությունը: Այնպես որ, իրենց կարծիքները հիմա էլ են տարբերվում երևի, բայց վստահ եմ, որ այս պարագայում Ալիևն է իր կարծիքը փոխել: Այնպես որ, ադրբեջանցիներն ընտրություն ունեին` կա՛մ անցկացնել հանրաքվե, Ղարաբաղը թողնել արդեն շատ լեգիտիմ իր կազմից դուրս, կա՛մ Լաչինն ու Քելբաջարը թողնել այնտեղ, և եթե իրենց ձեռնտու էր դա, թող այդպես անեին, Լաչինն ու Քելբաջարն էլ, տեսնում էիք, ուրիշ տեղից տեղահանված հայերը տեղափոխվում էին այնտեղ, և այն հինգ շրջանից ևս կտեղափոխվեին այդտեղ ու կապրեին մինչև այն ժամանակ, երբ որ ադրբեջանցիները կցանկանային հանրաքվե անցկացնել: Խաղաղապահները կանգնած կլինեին, հայկական բանակը, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը կլինեին, և կլիներ միջազգային հանրության հավանությունը: Այդ ժամանակ ռազմական գործողությունների վերսկսումը շատ ավելի ցավալի կլիներ Ադրբեջանի համար»։
Անդրադառնալով Արցախում՝ ադրբեջանցիների բնակությանը՝ Սարգսյանն ասել է.
«Ես չգիտեմ նրանք այնտեղ բնակեցված են, թե ոչ: Բայց պատերազմից հետո դա արդեն Ադրբեջանի որոշելիքն էր: Իսկ այն ժամանակ դա Ադրբեջանի որոշելիքը չէր: Դրա մասին կա անդրադարձ և՛ Անվտանգության խորհրդի ՄԱԿ-ի բանաձևի նախագծում, և՛ այլ փաստաթղթերում: Այնպես որ, սա շատ ակնհայտ բան է:
Այսինքն՝ ես չեմ հասկանում, ինքն ի՞նչ է ուզում: Ուզո՞ւմ է, որ մենք ասենք՝ չէ՛, ոչ մի ադրբեջանցի ընդհանրապես չպետք է լինի Ղարաբաղի տարածքում: Դա՞ է ուզում, որ մենք ասենք: Մենք երբեք այդպիսի մոտեցում չենք ունեցել: Ես չեմ հասկանում, ես ուղղակի չեմ հասկանում մի մարդու, ով բառացիորեն կրկնում է իրեն որպես մարդու ստորացրած, որպես պետության ղեկավարի ստորացրած, որպես հայ ժողովրդի ներկայացուցչի ստորացրած անձնավորության բառերը:
Լավ, եթե սկզբնական փուլում, երբ որ ինքը միամտորեն կարծում էր, որ հեսա համանախագահներից զատ ինքն Ադրբեջանի հետ գալու է ինչ-որ պայմանավորվածությունների, լավ կարելի է ինչ-որ տեղ դա հասկանալ: Բայց արդյո՞ք կործանարար պատերազմից հետո, քեզ, ոնց էր ասում, հարբած ծաղրածու, չեմ ուզում նույնիսկ սրա հասցեին ասած վիրավորանքները նորից կրկնել, բայց նվաստացման ենթարկած անձի կողմից նրա բառերը կրկնում ես` դա բերելով որպես փաստարկներ: Ինձ համար դա անհասկանալի է»։
Հարցազրույցում երրորդ նախագահն ասաց, թե փաստաթղթերում, գոնե առաջարկություններում, որոնք հիմնական սկզբունքներին են վերաբերում, չեք տեսնի որևէ տեղ, որևէ փաստաթղթում ակնարկ անգամ, որ մինչ վերջնական խնդրի կարգավորումը, ադրբեջանցիները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի բուն տարածք:
«Չկա այդպիսի բան», - ասել է նա։