31/01/2022 23:44
Բանակի կամ զինված ուժերի ղեկավարներին այս իշխանությունները մեղադրելու իրավունք չունեն. Սարգսյան
Ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը, ի՞նչ կապ ունի, թե ես ինչ ժառանգություն եմ թողել, եթե այս մարդիկ դա կողքի են քաշել ու սեփական մտքի գոհարներն են մեջտեղ բերել, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով «իր թողած բանակցային ժառանգության» վերաբերյալ Փաշինյանի գնահատականներին։
Սերժ Սարգսյանը հարց հնչեցրեց՝ եթե, գործող իշխանության մեկնաբանություններով, Ադրբեջանը ստանալու էր 7 շրջանը, իսկ մենք ոչինչ չէինք ստանալու, ապա այսօրվա վիճակն ավելի լա՞վն է, քան բանակցվող փաստաթղթին իշխանությունների տված ամենավատ մեկնաբանումը:
«Բա այսօր ի՞նչ ունենք: Այդ փաստաթղթով յոթ շրջան «պետք է հանձնվեր», ենթադրենք, և իրենց մեկնաբանությամբ՝ մենք ոչինչ չէինք ստանա, իսկ հիմա հանձնել ենք երկու անգամ ավելի շատ տարածք, զոհել ենք հինգ հազարից ավելի զինվորի, ջախջախել ենք մեր բանակը, դարձել ենք կապիտուլյացիայի ենթարկված ժողովուրդ ու պետություն: Կարելի՞ է սրանք իրար հետ համեմատել: Եվ կարող եմ արդյոք ես եզրակացնել, որ միայն այն պատճառով, որպեսզի վարկաբեկի «նախկիններին» կամ նախկին բանակցային պրոցեսը, գնացել են ավանտյուրայի: Իրավունք ունե՞մ այդպես մտածելու: Ավանտյուրա չի, բա ի՞նչ է: Ի՞նչ է նշանակում՝ բա ես ո՞նց գնայի խաղաղ լուծման, եթե ինձ Անվտանգության խորհրդի նիստում զեկուցում են, որ մենք «ոչ մի քայլ հետ» սկզբունքով ենք կռվելու: Բա, իր կարծիքով, ի՞նչ պետք է ասեին պատասխանատուները: Պետք է ասեին, որ հենց Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, մենք փախչելո՞ւ ենք: Բա, ինքն իրեն համարում է պետության ղեկավար, ինքն իրեն համարում էր գերագույն գլխավոր հրամանատար», - շեշտեց Սերժ Սարգսյանը։
Նա հիշեցրեց նաև՝ գերագույն գլխավոր հրամանատարը երկու-երեք կարևորագույն գործառույթ ունի, որոնցից մեկը իրավիճակը գնահատելն է և որոշում կայացնելը:
«Բա, բացի բանակի պատասխանատուներից, մեր պետությունն ուներ գլխավոր ռազմական տեսչություն, որի ղեկավարը գեներալ- գնդապետ է: Գեներալ-գնդապետ դառնալու համար դու պետք է անցնես հսկայական ճանապարհ, այդ թվում նաև՝ տեսչության կազմ: Բայց, բացի դրանից, նա ուներ նաև ռազմական հակահետախուզություն: Չէ՞ որ մեր պետության Ազգային անվտանգության ծառայությունում կա հատուկ մեծ կառույց, որը զբաղվում է բանակով: Վերջը, կա Ազգային անվտանգության ծառայությունը, որն ունի հետախուզական մեծ ստորաբաժանում: Բա այդ մարդկանց կարծիքներն ինքը հավաքե՞լ էր, այդ մարդկանց կարծիքները բոլորն այդպիսի՞ն էին, որ մենք հաղթելու ենք», - ասաց Սերժ Սարգսյանը:
ՀՀ երրորդ նախագահը հավելեց՝ չի ուզում արդարացնել բանակի կամ զինված ուժերի ղեկավարներին, բայց այս իշխանությունները նրանց մեղադրելու իրավունք չունեն:
«Այդ իրավունքը պատկանում է մեզ` բոլոր նրանց, ովքեր որևէ առնչություն չեն ունեցել այդ որոշումների կայացման գործում: Այսինքն՝ ի՞նչ է նշանակում այսպես են ասել: Իրեն թվում է, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ ինձ ասողներ չե՞ն եղել, որ պետք չէ դադարեցնել, գնանք և այլն. եղել են: Հրապարակային դաշտում էլ կային այդպիսիք: Այն ժամանակ էլ, հիմա էլ կան: Ես նկատի ունեմ՝ ոչ միայն հրապարակային դաշտից: Բայց ղեկավարը նրա համար է, որպեսզի ընդունի որոշումներ, որոնք կարողանալու է իրականացնել», - ընդգծեց Սերժ Սարգսյանը: