31/01/2022 15:14
Ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր մայրիկ սուր շնչառական վարակների մասին. մանկաբույժի խորհուրդները
Սուր շնչառական վարակները, հատկապես ձմռան ամիսներին, մանկահասակ երեխաների շրջանում հաճախ լուրջ խնդիրներ են հարուցում, և շատ երիտասարդ մայրիկներ երբեմն դժվարանում են ստեղծված իրավիճակում ճիշտ լուծումներ գտնել՝ թեթևացնելու իրենց բալիկների վիճակը։
Ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր մայրիկ ՍՇՎ-ների մասին. Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է մանկաբույժ Սյուզաննա Մխիթարյանի հետ։
«Ինչպես բոլոր տարիներին, այս տարի ևս ունենք սուր շնչառական վարակների հիվանդացության մակարդակի սեզոնային բարձրացում։ Այս վարակները հատկապես ակտիվանում են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ տևելով մինչև մարտ-ապրիլ։
Շնչական վարակները զանազան են. դրանց տարածման հիմնական պատճառը փակ, չօդափոխվող տարածքներում մոտիկ շփումներն են՝ հատկապես մանկապարտեզներում և մանկական այլ հաստատություններում։ ՍՇՎ-ներին նպաստում է նաև ցուրտ եղանակը։ Վերը թվարկվածներին վերջին երկու տարում գումարվել է նաև կորոնավիրուսային վարակը», - նշեց բժշկուհին։
Մանկաբույժը հիշեցրեց, որ սուր շնչառական վարակները երբեմն առավել բարդ ընթացք են ունենում մինչև 2 տարեկան երեխաների մոտ, հետևաբար ծնողները խիստ ուշադիր պետք է լինեն հատկապես տարիքային այս խմբի բալիկների դեպքում։
«Մինչև 2 տարեկան երեխաների օրգանիզմի հարմարվելու կարողություններն ավելի նվազ են, քան մի փոքր ավելի մեծ տարիքի երեխաներինը։ Այստեղ ռիսկի գործոններն ավելի շատ են, արագ զարգացող խնդիրների հավանականությունն՝ ավելի բարձր», - նշեց Սյուզաննա Մխիթարյանը։
Մանկաբույժը խորհուրդ տվեց չափազանց ուշադիր լինել հատկապես մինչև 3 ամսական փոքիկների պարագայում՝ 38 աստիճան և ավելի ջերմության պարագայում անհապաղ դիմելով մասնագետի։
«Բարձր ջերմությունը, թուլությունը, ուտելուց հրաժարումը և փսխումներն առիթ են, որպեսզի մինչև 3 ամսական բալիկների մայրիկներն անմիջապես դիմեն մանկաբույժի։ 3 ամսականից մինչև 1 տարեկան երեխաների պարագայում կարելի է 1-2 օր սպասել, եթե, իհարկե, երեխան միայն ջերմում է և այլ անհանգստացնող երևույթներ չկան։ Այդ ընթացքում պետք է ջերմիջեցում կատարել, քիթը լվանալ աղաջրով և ապահովել քթային նորմալ շնչառություն, ինչպես նաև երեխային շատ հեղուկներ տալ՝ խուսափելու օրգանիզմի ջրազրկումից», - ասաց բժշկուհին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։