01/02/2022 16:13
Ջրի և էլեկտրաէներգիայի սակագների թանկացմամբ պայմանավորված՝ տարեկան գնաճը կավելանա 1-1,5 տոկոսով․ ԿԲ նախագահ
Հայաստանում սննդամթերքի գներն աճել են մոտ 12 տոկոսով, ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ նշելով նաև գնաճի պատճառները․ համաշխարհային շուկաներում արձանագրված գնաճ և սեզոնային որոշ ապրանքների թանկացում։
Մարտին Գալստյանը ներկայացրեց նաև թվերը՝ Հայաստանում գնաճը 7,7 տոկոս է, ԱՄՆ-ում տարին ավարտել են մոտ 7 տոկոս գնաճով, ՌԴ-ում գրանցվել է 8,4 տոկոս գնաճ, Վրաստանում գնաճը երկնիշ թվով են չափում։
ԿԲ նախագահի խոսքով՝ Հայաստանում տարավերջին գնաճը կանխատեսածից ավելի քիչ է եղել՝ սեզոնային որոշ ապրանքների գների՝ բնականին մոտ մակարդակին վերադառնալու շնորհիվ։
«Տարեվերջին գնաճը 9,6 տոկոսից իջավ ոչ թե մեր կանխատեսած 8,4 տոկոսի, այլ ավելի ներքև։ Ակնկալել, որ այս տարվա ընթացքում սննդամթերքի գնաճը կկրկնի 2021 թվականի վարքագիծը, կարծում եմ, մեր բազային սցենարով այդպես չէ։ Մենք ակնկալում ենք, որ սննդամթերքի գներն ավելի նվազ տեմպերով են աճելու»,- ասաց Մարտին Գալստյանը։
Նա հայտնեց նաև, որ ԿԲ-ն հաշվարկել է ջրի, էլեկտրաէներգիայի սակագների թանկացման ազդեցությունը՝ ընդհանուր գնաճի վրա։ Ջրի և էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության արդյունքում 2022 թվականին ակնկալվող գնաճը, ԿԲ գնահատականով, տարեկան կտրվածքով մոտ 0,6 տոկոս կկազմի, իսկ էլեկտրաէներգիայի թանկացմամբ պայմանավորված երկրորդային ազդեցությունները հաշվարկած՝ տարեկան գնաճը կմեծանա 1-1,5 տոկոսով։
«Ընդհանուր գնաճը, որը վերաբերում է կարգավորվող գներին, գնահատում ենք, որ կլինի մոտ 1-1,5 տոկոսի շրջանակներում՝ տարեկան կտրվածքով։ Տարեկան գնաճը կավելանա 1-1,5 տոկոսով․ այդքան կլինի կարգավորվող գների ազդեցությունը մեր 2022 թվականի գնաճի վրա»,- պարզաբանեց ԿԲ նախագահը։