01/02/2022 10:25
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա առթիվ:
«Ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Գարնան տոնը պատմության խորքից եկող, միևնույն ժամանակ արդիական, ամենասիրված ընտանեկան տոնն է Չինաստանում։ Թող այն առողջություն, նոր ձեռքբերումներ և ուրախություն բերի բոլոր ընտանիքներին։
Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական սերտացմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջության և հաջողությունների մաղթանքներս», - ասված է Չինաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում:
«Ի սրտե շնորհավորում ու ջերմ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի կառավարությանը չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Թող այն հետագա զարգացում, բարեկեցություն և երջանկություն բերի Չինաստանի բարեկամ ժողովրդին։
Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամության, փոխադարձ վստահության և փոխշահավետության վրա հիմնված բազմաբովանդակ համագործակցության հետևողական սերտացումն ու ամրապնդումը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ բարեկամ Չինաստանին՝ խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ», - նշված է Չինաստանի վարչապետին ուղղված ուղերձում: