31/01/2022 23:07
Իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը․ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կհրապարակեմ․ Սերժ Սարգսյան
Կազանում փաստաթուղթ չընդունեցինք: Այնտեղ պետք է հռչակագիր լիներ, այսինքն՝ առանց ստորագրությունների հայտարարվեր, քանի որ հիմնական փաստաթուղթը պետք է լիներ միջպետական պայմանագիրը` համապարփակ պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման, որն ամեն ինչ ներառելու էր, հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա հստակեցրել է՝ դա Արցախի խնդիրի խաղաղ կերպով լուծելու պայմանագիր պետք է լիներ՝ կնքված երկու կողմերի միջև, ընդ որում, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի մասնակցությամբ:
«Շատ հստակ գրված էր», - ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ Արցախի ներկայացուցիչը պետք է մասնակցեր պայմանագրի շուրջ բանկցություններն սկսվելուց։
«Այդ դրվագը բոլոր փաստաթղթերում եղել է, այդ թվում՝ նաև այս մարդու (Փաշինյանի-խմբ․) կողմից «աղետ» համարվող փաստաթղթում: Այդ փաստաթղթերը, իհարկե, ես հիմա դժվարանում եմ հրապարակել։ Ես երբեք չեմ էլ խոստացել հրապարակել: Այո, որոշակի ոչ հրապարակային խոսակցություններում ես ասել եմ, որ խոսում եմ, բանակցում եմ համանախագահների հետ՝ թույլտվություն ստանալու ինչ-որ չափով հրապարակելու», - ասել է ՀՀ երրորդ նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ Փաշինյանը հրապարակել է մեկ այլ փաստաթուղթ, ոչ այժմ իր հիշատակածը․ արտահոսք է եղել, կայքերից մեկում այն տպվել է, իսկ Կապանում Փաշինյանը դա ընթերցել է:
«Այդ փաստաթուղթը, ավելի ճիշտ՝ այդ առաջարկությունը, ներկայացվել է կողմերին ոչ թե 2016 թվականին, այլ 2018 թվականին, եթե չեմ սխալվում, հունվարին, թե փետրվարին: Այսինքն՝ նույնիսկ եթե սա (Փաշինյանը-խմբ․) խոսում է ինչ-որ աղետի մասին, նույնիսկ, ապա նոր առաջարկություն է եղել», - մանրամասնել է Սերժ Սարգսյանը։
Հստակեցնող հարցին՝ խոսքը Կրակովում 2018 թվականին արտգործնախարարների հանդիպման մասի՞ն է, ՀՀ երրորդ նախագահը պատասխանել է․
«Այո, հենց դրա մասին է: Ինչի համար, իհարկե, իրենք կշտամբանք ստացան, որովհետև պետք էր պահպանել կոնֆիդենցիալությունը, դա բանակցող կողմերի պարտավորությունն է: Եվ հենց այդ է պատճառը, երբ որ ինքն ասում է՝ դե եթե փաստաթղթեր կան, թող հրապարակեն, ես չեմ ուզում, որպեսզի համանախագահները կարծիքը փոխեն մեր մասին, կշտամբեն մեզ, ասեն՝ ինչո՞ւ եք հրապարակել»:
Սերժ Սարգսյանը կրկնել է՝ ինքը վստահելի գործընկեր է եղել, ձեռքի տակ ունի բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները, բայց առանց նրանց հետ համաձայնեցնելու՝ կոռեկտ չի համարում հրապարակելը։
«Եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, ես դա կանեմ: Բայց քանի որ ինքն (Փաշինյանը-խմբ․) ունի դրա փորձը, ես կառաջարկեի, որ ինքը հրապարակեր», - ընդգծել է ՀՀ երրորդ նախագահը։