01/02/2022 19:45
ԵՄ-ն բանակցում է Ադրբեջանի հետ՝ լրացուցիչ ծավալի գազ մատակարարելու հնարավորության շուրջ
Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը փետրվարի 4-ին կայցելի Ադրբեջան, իսկ փետրվարի 7-ին՝ ԱՄՆ՝ քննարկելու Եվրամիության տարածք լրացուցիչ ծավալի գազ մատակարարելու հնարավորությունը, հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թիմ Մաքֆին՝ Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ։
«Գազամատակարարման խնդրի շուրջ բանակցությունները կշարունակվեն։ Փետրվարի 4-ին եվրահանձնակատար Սիմսոնը կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու Հարավային գազային միջանցքի երկրների նախարարների հանդիպմանը։ Փետրվարի 7-ին նա և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կմեկնեն ԱՄՆ՝ մասնակցելու ԵՄ-ԱՄՆ էներգետիկայի խորհրդի նիստին»,- ասել է նա։
Մաքֆին նշել է, որ ԵՄ-ն գազի ծավալներն ընդլայնելու հարցի շուրջ շարունակում է բանակցությունները նաև Ալժիրի, Քաթարի ու Նորվեգիայի հետ։
«Այդ բանակցությունները մի քանի ամիս է՝ ընթանում են և շարունակական կլինեն»,- ասել է նա։