01/02/2022 09:43
«Հրապարակ». Իշխանության նախագահի թեկնածուին առաջադրել է Խաչատուր Սուքիասյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության նախագահի թեկնածուին առաջադրել է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ երբեմնի խոշոր գործարար, ներկայումս ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Գուցե գաղափարը քննարկվել է նաև Բաբկեն Արարքցյանի հետ, ով դարձել է Փաշինյանի ստվերային խորհրդատուն: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, Խաչատուր Սուքիասյանն է Փաշինյանին հուշել Վահագն Խաչատրյանի մասին և համոզել, որ Փաշինյանի նախնական տարբերակը՝ Արայիկ Հարությունյանը, չափազանց խոցելի թեկնածու է։ Փաշինյանն էլ վարչության նեղ կազմի զրուցարանում անակնկալ է մատուցել՝ գրելով` եթե Արայիկ Հարությունյանի թեկնածության նկատմամբ դժգոհություն կա, ապա ինքը փոխում է թեկնածուին, և ներկայացրել է Խաչատրյանի տարբերակը։
Հիշեցնենք, որ 2019-ին Խաչատրյանը Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ էր ընտրվել, նրա և Սուքիասյանի մտերմությունը վաղեմի պատմություն ունի` սկսած 90-ականներից: Նրա` նախարար նշանակվելու հարցում էլ Սուքիասյանն է եղել «քավորը»։
Այս որոշումն անակնկալ է եղել բոլորի համար, քանի որ Նիկոլ Փաշինյանի առցանց վերջին ասուլիսից հետո թիմում կասկած չունեին, որ ապագա նախագահը լինելու է «սվոյ»` ինչպես Փաշինյանն ընդգծեց, որ «քաղաքական ներդաշնակությունը վերականգնվի», և կառավարություն-խորհրդարանական մեծամասնություն-վարչապետ-ՀՀ նախագահ լինեն միասնական և կուռ կառույց: Թեև ՔՊ-ում ոմանք խոր կասկածներ ունեն՝ Խաչատրյանը մինչև վերջ կենթարկվի՞ Փաշինյանին ու իշխող թիմին»։