01/02/2022 17:03
«SWIFT» համակարգից Ռուսաստանին հեռացնելը ծանր ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա․ ԿԲ նախագահ
Արևմուտքի կողմից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու դեպքում Հայաստանի տնտեսությունը այս կամ այն չափի ազդեցություն կկրի՝ կախված պատժամիջոցների բնույթից, այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Եթե դա պայմանավորված լինի ու սահմանափակվի միայն անհատների նկատմամբ սանկցիաներով, մի պատմություն կլինի։ Եթե սանկցիաները ներառեն նաև ֆինանսական հատվածը, եթե այդպիսի խնդիրներ ի հայտ գան, բնականաբար, ՌԴ-ում տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, ազգային արժույթի արժեզրկում, որի հետևանքով մեր մրցունակությունը որոշակիորեն կկորցնենք ՌԴ տնտեսության հանդեպ։ Դա դեռ ամենաթեթև բաներն եմ ասում»,- նշեց նա։
ՀՀ ԿԲ նախագահի խոսքով՝ Ֆինանսական հատվածից եկող ռիսկերը շատ մեծ են։
«Մեր հարաբերությունները սպասարկվում են նաև ռուսական բանկերի միջոցով․ արդյոք այդ ռուսական բանկերի նկատմամբ որոշակի սահմանափակումներ մտցնելը անդրադառնալո՞ւ է նաև Հայաստանին՝ հայելային սահմանափակումներ դնելով, թե՞ ոչ։ Սրանք սահմանափակումներ են, որոնք այս պահի դրությամբ որոշակի անորոշություններ են իրենց մեջ պարունակում, բայց, ամեն դեպքում, պետք է սպասել, հասկանալ»,- հավելեց նա։
Հարցին՝ «SWIFT» համակարգից Ռուսաստանին հեռացնելը ինչպես կազդի Հայաստանի բանկային համակարգի և ընդհանուր տնտեսության վրա, ԿԲ նախագահը կարճ պատասխանեց։
«Մեկ բառով փորձեմ պատասխանել՝ ծանր»,- ասաց Մարտին Գալստյանը։