01/02/2022 20:55
Վրաստանը չեղարկել է ռեստորաններ և հասարակական այլ վայրեր այցելելիս «կանաչ անձնագրեր» ներկայացնելու պահանջը
Վրաստանի վարչապետին առընթեր՝ Կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշել է չեղարկել երկրում «կանաչ անձնագրերը»՝ նախատեսված սրճարաններ, ռեստորաններ, մշակութային և հասարակական այլ վայրեր այցելելու համար։
Խորհուրդն այսպիսի որոշում է ընդունել՝ Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի թեթև ընթացքով և սահմանափակումների մեղմացման համաշխարհային պրակտիկայով պայմանավորված։ «Կանաչ անձնագրերի» չեղարկման մասին հայտարարել է համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գեորգի Գիբրաձեն։
«Հաշվի առնելով Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի թեթև ընթացքն ու համաշխարհային պրակտիկան՝ «կանաչ անձնագրերի» պահանջը վերացվում է»,- ասել է նա։
«Կանաչ անձնագրերը»՝ հասարակական վայրեր այցելելու համար անհրաժեշտ վկայականները, Վրաստանում ներդրվել են 2021 թվականի դեկտեմբերի 1-ից։
Ռեստորաններ, սրճարաններ, կինոթատրոններ, թանգարաններ, համերգասրահներ, ժամանցի վայրեր, մարզասրահներ, հյուրանոցներ և այլ հասարակական վայրեր այցելելու համար Վրաստանի քաղաքացիներն ու երկրում գտնվող օտարերկրացիները մինչ այս պարտավոր էին ներկայացնել այդ վկայականները, որոնք ձեռք բերելու համար պետք է հավաստեին, որ պատվաստված են կամ ներկայացնեին 72 ժամվա ընթացքում արված Կորոնավիրուսի բացասական թեստ։