01/02/2022 09:41
«Փաստ». Արթուր Ղազինյանն իր հարցերով ծանրագույն վիճակում է դրել Նիկոլ Փաշինյանին, ում նյարդերը տեղի են տվել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս տեղեկություններ շրջանառվեցին, որ իրավապահ համակարգում ինչ-որ գործընթացներ են գնում՝ կապված ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումների հետ: «Փաստ» թերթի տեղեկություններով, «խոշորացույցի տակ» ուսումնասիրվում են բոլոր ընդդիմադիրների և ընդհանրապես ընդդիմադիր հայացք ունեցողների գրառումները, սակայն վերջին օրերի այս առանձնահատուկ «ուշադրությունը» Ղազինյանի հանդեպ ուղղորդված է «ամենավերևից»:
Բանն այն է, որ ԱԺ-կառավարություն վերջին մի քանի հարցուպատասխանի ժամանակ Արթուր Ղազինյանն իր հարցերով ու գնահատականներով ծանրագույն վիճակում է դրել Նիկոլ Փաշինյանին, ինչից, կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինիս նյարդերը տեղի են տվել, և նա զայրացած ցուցում է տվել կալանավորել Ղազինյանին: Բայց քանի որ իրավապահները ոչ մի հիմք չունեն, ստիպված դիմել են իրենց սիրելի մեթոդին ու սկսել են բառ առ բառ ուսումնասիրել նրա գրառումները, որպեսզի կարողանան վիրավորանք պարունակող որևէ բան գտնել և դրա հիման վրա քրեական գործ հարուցել ու մեղադրանք առաջադրել: