01/02/2022 20:20
Արցախի պատգամավորների կողմից օկուպացված տարածքների հարց բարձրացնելու համարձակությունը ողջունելի է, նախաձեռնությունը՝ դրական. քաղաքագետ
Ողջունում եմ արցախցի խորհրդարանականների կողմից ներկա փուլում նման հարց բարձրացնելու համարձակությունը. նախաձեռնությունը դրական եմ համարում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով Արցախի ԱԺ 5 խմբակցությունների կողմից «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ շրջանառության մեջ դնելու փաստին։
Հիշեցնենք, որ այդ նախագծով արգելքներ են սահմանվում միջազգային այն կազմակերպությունների համար, որոնք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, առանց հայկական կողմի թույլտվության, կփորձեն ներդրումային ծրագրեր իրականացնել։
«Չափազանց շատ եմ կարևորում, որ 12 հազար քառակուսի կիլոմետրն ընդգրկվի «բռնազավթված տարածք» հասկացության մեջ։ Բայց եթե Արցախի պատգամավորները նախագիծը մշակելիս նկատի են ունեցել միայն Շուշին և Հադրութը, ապա օրինագիծն ինքնին վնասակար եմ համարում»,- ասաց Ալեքսանդր Քանանյանը։
Քաղաքագետի խոսքով՝ անչափ կարևոր է հստակեցնել, թե ինչ են ընկալում Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավորները՝ խոսելով Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների մասին։
«Կրկնում եմ․ եթե խոսքը միայն ԼՂԻՄ մաս կազմած Հադրութի և Շուշիի շրջանի մասին է, ապա սա խիստ անբավարար, մինչև իսկ վնասակար օրիանագիծ է։ Այսինքն՝ առնվազն պետք է հստակեցվի, որ հարցը վերաբերում է այն տարածքին, որը մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Արցախի Հանրապետության վերահսկողությա ներքո էր։
Սա ամենակարևոր հանգամանքն է, որովհետև խորհրդային ինքնավար մարզի սահմաններով Լեռնային Ղարաբաղը, որևէ՝ անգամ ամենացածր կարգավիճակով, կենսունակ միավոր չի կարող լինել»,- նշեց Ալեքսանդր Քանանյանը։
Հիշեցնենք՝ 5 խմբակցությունների հեղինակած նախագծում նշվում է, որ Արցախի օկուպացված տարածքներում առանց հայկական կողմի թույլտվության ներդրումային ծրագրեր իրականացնող ընկերությունները հետագայում խնդիրներ կունենան փոխհատուցում պահանջելիս։ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների մեջ նշված են Քաշաթաղի, Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի շրջանները և Գետաշենը: