01/02/2022 18:26
«Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքը գործնական կիրառում ունենալ չի կարող. Քաղաքագետ
Ցավոք, Արցախի խորհրդարանի 5 խմբակցությունների կողմից շրջանառության մեջ դրված նախագիծը գործնական կիրառում ունենալ չի կարող, որովհետև միջազգային կառույցները, պետությունները և տնտեսական կազմակերպությունները հազիվ թե լուրջ ընդունեն այդ որոշումը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ նկատի ունենալով Արցախի ԱԺ 5 խմբակցությունների կողմից շրջանառության մեջ դրված «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծը։
Հիշեցնենք, որ այդ նախագծով արգելքներ են սահմանվում միջազգային այն կազմակերպությունների համար, որոնք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, առանց հայկական կողմի թույլտվության, կփորձեն ներդրումային ծրագրեր իրականացնել։
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, հետևաբար ճանաչված չէ նաև ԼՂՀ խորհրդարանը, որն էլ շրջանառոթյան մեջ է դրել օրենքի նախագիծը։ Այլ հարց է, որ այս որոշմամբ փորձ է արվում ինչ-որ կռվաններ ստեղծել՝ հետագայում Արցախի կարգավիճակի վերաբերյալ առավել առարկայական քննարկումների ժամանակ իրավական կոնկրետ փաստաթղթեր ներկայացնելու։ Կարծում եմ՝ գլխավոր նպատակը սա է, այլապես Արցախն առայժմ որևէ լծակ չունի՝ ԱՀ օկուպացված տարածքների մասին օրինագիծը կյանքի կոչելու։
Ցավով եմ նշում, բայց Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքները միջազգային բոլոր կառույցները ճանաչում են որպես Ադրբեջանի մաս։ Մինչ այդ՝ հայկական կողմը պետք է անի ամեն ինչ՝ իր իրավունքների հանրահռչակման հարցում օգնելու Արցախին», - ամփոփեց Արմեն Բաղդասարյանը։
Հիշեցնենք՝ 5 խմբակցությունների հեղինակած նախագծում նշվում է, որ Արցախի օկուպացված տարածքներում առանց հայկական կողմի թույլտվության ներդրումային ծրագրեր իրականացնող ընկերությունները հետագայում խնդիրներ կունենան փոխհատուցում պահանջելիս։ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների մեջ նշված են Քաշաթաղի, Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի շրջանները և Գետաշենը: