03/02/2022 12:23
Ընդունելի չէ, երբ խախտում կատարելիս վարորդի համար և՛ տուգանային միավոր է կիրառվում, և՛ ֆինանսական տուգանք. Վարդևանյանն առաջարկում է վերացնել տուգանման բալային համակարգը
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ:
«9 միավոր է տրվում ՀՀ բոլոր վարորդներին, այդ միավորների սպառվելու դեպքում առաջանում է վարորդական իրավունքի կասեցում։ Այս իշխանությունները ՀՀ քաղաքացիներին հստակ խոստում էին տվել առ այն, որ ՀՀ քաղաքացիները «տուգանքի մատերիալ չեն»։ Այս տուգանային համակարգի ներդրմամբ 2021 թվականին միայն 170 հազարից ավելի որոշում է կայացվել, 5000-ին հասնող վարորդական իրավունք է կասեցվել», - հայտարարեց նախագիծը ներկայացնող պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, թե ընդունելի մոտեցում չէ, երբ խախտում կատարելու դեպքում տուգանային միավոր է կիրառվում, տուգանքն էլ ֆինանսական միջոցով է կիրառվում։
«Բնավ չեմ պնդում, որ իրավախախտումներ կատարող վարորդները պետք է ազատվեն պատասխանատվությունից, բայց մյուս կողմից՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ չպետք է լինի տուգանքների կիրառման գերակայություն։ Մոդելը կարող էր այլ կերպ լինել, միայն տուգանային միավորներ կիրառել՝ առանց տուգանքի ֆինանսական բաղադրիչի։ Տուգանային միավորների կամ բալային համակարգի ներդրումը որևէ կերպ չի փոխել իրավիճակը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման կամ ՃՏՊ-ների դեպքում՝ մահվան ելքերի տեսանկյունից», - հայտարարեց Վարդևանյանը։
Հիշեցնենք` ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանային համակարգը գործում է 2020 թվականի հունվարի 1-ից։ Վարորդական վկայական ունեցող յուրաքանչյուր քաղաքացու մեկ տարվա ընթացքում տրամադրվում է 9 բալ, որոնք սպառելուց հետո վարորդը կարող է կորցնել վարորդական իրավունքը` վեց ամսով։