03/02/2022 15:18
Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներն աջակցություն ու զորակցություն են հայտնում Բորիս Բախշիյանին
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներն աջակցություն ու զորակցություն են հայտնում դատավոր Բորիս Բախշիյանին:
«ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներս, մտահոգված լինելով նույն դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացներով, համոզված լինելով վերջինիս մասնագիտական, բարոյական և անձնական բարձր հատկանիշների վրա, մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում դատավոր Բորիս Բախշիյանին՝ ակնկալելով վերջինիս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում օրինականության սկզբունքի խստիվ պահպանում, ՀՀ Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ անձի և դատավորի իրավունքների ու ազատությունների վերաբերյալ երաշխիքների լիակատար ապահովում», - ասված է հայտարարությունում:
Դատավորներ
Նապոլեոն Օհանյան
Անահիտ Թումանյան
Ռոմեն Ահարոնյան
Աշոտ Հովհաննիսյան
Կարապետ Բադալյան
Էմին Աբգարյան
Լուսինե Սեփխանյան
Գնել Գասպարյան
Հիշեցնենք` հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։
Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունը բավարարել:
Դատավորների միությունը հայտարարությամբ էր հանդես եկել՝ մտահոգություն հայտնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։
Հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ էր արձակվել
Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը:
Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են. նման որոշում է կայացրել ԲԴԽ-ն։
Դատավոր Բախշիյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-ին: