03/02/2022 18:10
ԲԴԽ դատավոր անդամները պետք է հրաժարական տան. Բորիս Բախշիյանի փաստաբանը հավատում է՝ Հայաստանում դեռ մահացած չէ արդարությունը
Դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը հավատում է, որ Հայաստանում դեռ մահացած չէ արդարությունն ու շուտով դատավորի նկատմամբ քրեական գործն ավարտվելու է:
«Բորիս Բախշիյանից ներողություն են խնդրելու իրավապահ մարմինների մի շարք ներկայացուցիչներ, բայց Բարձրագույն դատական խորհրդի անդամները, մասնավորապես, դատավոր անդամները ներողությունով չպետք է պրծնեն. նրանք պետք է հրաժարական տան ու դուրս գան»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սարդարյանը:
Նա Դատավորների ընդհանուր ժողովին կոչ արեց այս հարցը բարձրացնել ու հրապարակայնորեն անվստահություն հայտնել ԲԴԽ-ի դատավոր ներկայացուցիչներին. նրանց վարքագիծն անթույլատրելի է:
Այսօր դատավոր Բախշիյանը հայտարարել էր, որ իր ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվել է իր սեփական սկզբունքներով: Նա նշել էր, թե իր նկատմամբ իրականացվող ողջ գործընթացը բացառապես միջամտություն է իր՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը:
Հիշեցնենք` հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։
Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունը բավարարել:
Դատավորների միությունը հայտարարությամբ էր հանդես եկել՝ մտահոգություն հայտնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։
Հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ էր արձակվել
Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը:
Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են. նման որոշում է կայացրել ԲԴԽ-ն։