03/02/2022 17:36
Անթույլատրելի է, երբ հայ պաշտոնյաները, փրփուրը բերանին, փորձում են համոզել, որ մեզ համար թուրքական կապիտալի ներդրումից ավելի լավ ոչինչ չի կարող լինել. Վիգեն Հակոբյան
Այն, որ ցանկության դեպքում թուրքերը կարող են Հայաստանում անշարժ գույք գնել և բիզնեսներ ձեռք բերել, բացառել չի կարելի, ավելին՝ դա շատ հավանական է, բայց երբ հայ պաշտոնյաները, փրփուրը բերանին, կանաչ լույս են վառում և հանրությանը փորձում ամեն կերպ համոզել, որ մեզ համար թուրքական կապիտալի ներդրումից ավելի լավ ոչինչ չի կարող լինել, դա առնվազն անթույլատրելի է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն հայտարարությանը, որ թուրքը միշտ էլ Հայաստանում կապիտալ է ձեռք բերել, և այսօր օրակարգում Հայաստանի մրցունակության բարձրացման հարցն է դրված։
Մեր զրուցակցի խոսքով՝ թուրքերի կողմից Հայաստանում անշարժ գույք կամ բիզնես ձեռք բերելու ցանկությունը կարող է պայմանավորված լինել մի շարք՝ քաղաքական կամ տնտեսական նպատակներով՝ ամեն կերպ ճնշելու և թուլացնելու Հայաստանը։
«Երբ թուրքական կապիտալի համար պետականորեն կանաչ լույս է վառվում, համապատասխան մթնոլորտ է ստեղծվում, այդ թվում՝ չեմ բացառում, որ հետագայում նաև օրենսդրական բարեփոխումներ կատարվեն՝ անունը դնելով օտարերկրյա ներդրողների գործունեության դյուրացում կամ դրա նման մի բան՝ իհարկե, առաջին հերթին աչքի տակ ունենալով թուրք գործարարներին, սա արդեն այլ մակարդակի խոսակցություն է։
Մի բան է, երբ հատուկենտ դեպքեր են լինում, մեկ այլ բան, երբ Հայաստանում պետականորեն ամեն ինչ արվում է՝ խրախուսելու թուրք գործարարներին։
Հաշվի առնելով ՀՀ գործող իշխանություններ քաղաքականությունն առ Թուրքիա և առ Ադրբեջան՝ կարծում եմ, որ Թուրքիայի կողմից համապատասխան պահանջի դեպքում՝ իրենց կապիտալի համար հատուկ ռեժիմ սահմանել, Հայաստանում դիմադրության չի արժանանալու։ Նույնիսկ չեմ կասկածում, որ միահամուռ համոզելու են մեզ, որ դրանից լավ բան գոյություն չունի, որ հսկայական ներդրումներ և բարձր աշխատավարձով աշխատատեղեր են բացվելու՝ առաջին հերթին հպարտ քաղաքացիների համար», - ասաց քաղտեխնոլոգը։
Վիգեն Հակոբյանի խոսքով, մինչդեռ, ՀՀ իշխանությունների կողմից պետք է հակառակ պրոցես իրականացվի. եթե նույնիսկ հարևանների հետ հարաբերություններ են հաստատվում, առավել ևս՝ քեզ թշնամաբար վերաբերող հարևանի հետ, պետք է լուրջ վերլուծություն կատարել՝ հաշվարկելով, թե ինչ պլյուսներ և մինուսներ կարող է բերել հայ-թուրքական սահմանի բացումը։
«Պետք է սահմանվի մաքսային և հարկային օրենսդրություն՝ պաշտպանելու և հարկ եղած դեպքում՝ նաև պահպանելու ներքին շուկան»,- ասաց մեր զրուցակիցը։